Քաղաքական

16.11.2009 15:39


Վարդան Խաչատրյանը կրկին ՍԴՀԿ անդամ է

Վարդան Խաչատրյանը կրկին ՍԴՀԿ անդամ է

Վարդան Խաչատրյանը Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության քաղաքական դիվանի անդամ է։ Այսօր այս մասին ՄԱԱ-ում «7օր»-ին ասել է ՍԴՀԿ ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը։

Հիշեցնենք, սակայն, որ ՍԴՀԿ-ին անդամագրվելու և այդ կուսակցությունից Վարդան Խաչատրյանի անդամակցությունը կասեցնելու հետ կապված ոչ վաղ անցյալում շատ հետաքրքիր «ոդիսական» էր տեղի ունեցել։ Նախ հայտարարվեց, որ վերջերս «Ժառանգություն»  կուսակցությունից հեռացված և ՍԴՀԿ-ին անդամագրված Վարդան Խաչատրյանը դարձել է ՍԴՀԿ անդամ, այնուհետև հայտարարություն տարածվեց, որ 2009թ. հոկտեմբերի 31-ին կայացած ՍԴՀԿ վարչության արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ դադարեցվել է Վ. Խաչատրյանի 7-օրյա անդամակցությունը ՍԴՀԿ-ին, քանի որ դա հակասում է կուսակցության կանոնադրությանը։

«Համաձայն ՍԴՀԿ կանոնադրության անդամակցության մասին դրույթի 4-րդ կետի՝ հայկական ազգային կուսակցություններից որևէ մեկին նախկինում անդամակցած մարդիկ կարող են ՍԴՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացնել այդ կուսակցությունից դուրս գալուց առնվազն մեկ տարի անց»,- մասնավորապես նշված էր Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության վարչության տարածած հաղորդագրությունում։

Այս ամենից հետո, սակայն, կուսակցության մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը «7օր»-ին փոխանցեց, որ Վ. Խաչատրյանը կուսակցությունից ամենևին էլ չի հեռացվել, քանի որ այդ հարցը պետք է որոշի միայն ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը, որը ղեկավարում է աշխարհի 22 երկրների տեղական համայնքների Հնչակյան կուսակցությունը։

«Վարդան Խաչատրյանին հեռացնելու խնդիրը տեղափոխվել է կենտրոնական վարչության օրակարգ։ Այս պահին Վարդան Խաչատրյանը հանդիսանում է ՍԴՀԿ անդամ,- նշել էր Ն. Գալստյանը,- ամենայն հավանականությամբ, կենտրոնական վարչությունն այդ վճիռը կբեկանի, և Վարդան Խաչատրյանը կմնա՛ կուսակցության անդամ»։

Նարեկ Գալստյանի այս հայտարարությունն էլ անարձագանք չմնաց։ «7օր»-ի խմբագրություն զանգահարեցին ՍԴՀԿ անդամներ Ալբերտ Գաբրիելյանը, Ալեքսանդր Ալեքյանը և Էդիկ Պետրոսյանը, և նշեցին, որ Նարեկ Գալստյանն ապատեղեկատվություն է տարածել։ Նրանք պնդեցին, որ 2009թ. հոկտեմբերի 31-ից Վարդան Խաչատրյանն այլևս ՍԴՀԿ անդամ չէ, և ոչ ոք իրավասու չէ բեկանել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան ԿՎ որոշումը: Այն, որ Վ. Խաչատրյանն այլևս ՍԴՀԿ անդամ չէ, «7օր»-ի հետ զրույցում այն ժամանակ հասատատեց նաև ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։

Փոխարենը Նարեկ Գալստյանը պնդեց, որ կատարում է Հնչակյան կուսակցության ղեկավար մարմնի հրահանգները, և եթե ղեկավար մարմինն իրեն հրահանգի դառնալ բալետմեյստեր, ինքը կդառնա՛ բալետմեյստեր։

Եվ ահա այսօր՝ այս ողջ պատմությունից հետո, ՍԴՀԿ ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը «7օր»-ին փոխանցեց, որ խնդիրը ներկուսակցական էր, և ամեն ինչ կարգավորված է՝ ընկեր Վարդան Խաչատրյանը ՍԴՀԿ անդամ և քաղաքական դիվանի ներկայացուցիչ է։

Իսկ ավելի մանրամասն խոսել կուսակցությունում արձանագրվող խմորումների մասին Վ. Շիրխանյանը հրաժարվեց.

-Համաձայնե՛ք, որ մի կուսակցություն, այն էլ՝ քանակով ոչ ամենամեծը, ամենաազդեցիկը...չարժե, որ այստեղ մենք խոսենք ներքին խոհանոցից։ Ամեն ինչ կարգավորված է, ամեն ինչ նորմալ է, և կուսակցությունը  միասնական է իր ծրագրով, իր  գաղափարախոսությամբ։ Այսքանը։

«7օր»-ի հարցին, թե ինչպե՞ս պատահեց, որ Վ. Խաչատրյանն այնուհանդերձ մնաց ՍԴՀԿ-ում, երբ նշվում էր, որ դա կանոնադրության խախտում է, Վարդան Խաչատրյանը պատասխանեց, որ այն կետը, որի մասին խոսվում էր, ուներ նաև վերջավորություն, «որը շրջաբերումներից դուրս էր»։

Հետաքրքիր է, որ երբ Վ. Խաչատրյանի՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության քաղաքական դիվանի անդամ դառնալու հետ կապված մեկնաբանություններ ստանալու նպատակով զանգահարեցինք ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին, նա նշեց, որ այդ մասին առաջին անգամ մեզանից է լսում։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը