Մեկնաբանություն

07.08.2015 17:34


«Ինստիտուցիոնալ» մարդը

«Ինստիտուցիոնալ» մարդը

Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ մարդկանց կարելի է բաժանել երկու մասի։ Մեծ մասը սովորական մարդիկ են, իսկ փոքր, շատ փոքր մասը՝ «ինստիտուցիոնալ»։

Որպեսզի հասկանանք տարբերությունները, նկարագրենք երկու իրավիճակ։ Հետո դրանք ով ինչպես ուզում է՝ թող քաղաքականացնի։

Եվ այսպես,

Իրավիճակ 1

Տղան ու աղջիկը քայլում են փողոցով։ Հանկարծ դիմացից մի քանի խուլիգան են հայտնվում, հարձակվում տղայի վրա, հարվածներ հասցնում ու սկսում հայհոյել աղջկան՝ պատրաստվելով բռնաբարել վերջինիս։

Ի՞նչ պետք է անի սովորական մարդը։ Պետք է ամեն ձևով դիմադրություն ցույց տա։ Երաշխիք չկա, բնականաբար, որ մի քանի հոգու դեմ պայքարում տղան կկարողանա հաղթող դուրս գալ, բայց եթե ընդհանրապես չդիմադրի, ապա իր ընկերուհուն «նաղդ» կբռնաբարեն, իրեն էլ՝ հետը։

Պարզ է, որ ճիշտը պայքարի ճանապարհն է, քանզի այն և՛ բարոյական, և՛ մարտավարական, և՛ ռազմավարական առումներով այլընտրանք չունի։

Իսկ ի՞նչ կարող է անել «ինստիտուցիոնալ» մարդը համանման իրավիճակում։

«Ինստիտուցիոնալ» մարդը կսկսի համոզել աղջկան, որպեսզի վերջինս թույլ տա բռնաբարել իրեն։ «Ինստիտուցիոնալը» կբացատրի աղջկան, որ եթե ինքը դիմադրի, ապա շատ հնարավոր է՝ երկուսով վնասվեն, իսկ ահա իր փախուստը շանս կտա ողջ մնալ իրեն ու հետագայում լուծել համատեղ ամուսնական ծրագրերը։

«Ինստիտուցիոնալ» մարդը նաև կհամոզի աղջկան, որ խուլիգաններին ուղարկել են այն տղաները, որոնք իր մրցակիցներն են աղջկա ձեռքը խնդրելու հարցում։ Հետևաբար, կբացատրի «ինստիտուցիոնալը», խուլիգանների դեմ կռիվ տալը կեղծ «բազառ» է, ու պետք չէ «կակոյ նիբուծ» բռնաբարությունը կանխելու համար մտնել ծեծկռտուքի մեջ, հատկապես որ հաղթելու երաշխիք չկա։

Իրավիճակ 2

«X» պետության վրա հարձակվում է «Y» պետությունը՝ սպառնալով բոլորին սրի քաշել ու կոտորել։ Վերջինս ռեսուրսներով գերազանցում է «X»–ին։

Ի՞նչ պետք է անի «X» պետության ղեկին հայտնված սովորական մարդը։

Նա պետք է համախմբի բոլոր ռեսուրսները ու կռիվ տա թշնամու դեմ՝ հընթացս փորձելով ուժեղացնել կանոնավոր բանակը։ Այսինքն, պետք է անի այն, ինչ արել են մերոնք Ղարաբաղի պատերազմի ժամանակ, երբ չկար կանոնավոր՝ ինստիտուցիոնալ, բանակ, և երբ Հայաստանը ռեսուրսներով զգալիորեն զիջում էր Ադրբեջանին։

Իսկ ի՞նչ կանի իշխանություն ունեցող «ինստիտուցիոնալ» մարդը նույն իրավիճակում։

Նա կոչ կանի ժողովրդին չդիմադրել ու չմտնել թշնամու պարտադրած կեղծ պատերազմի մեջ՝ հընթացս ամենօրյա ռեժիմով քարոզելով, որ թշնամին, միևնույն է, կհաղթի այդ պատերազմում, և պետք չէ էներգիա վատնել։

«Ինստիտուցիոնալը» կհայտարարի, որ քանի դեռ կանոնավոր բանակ չկա, քանի դեռ Մարս մոլորակում մենք ռազմաբազա չունենք, և քանի դեռ ինքը չի ավարտել կարատեի կուրսերը, իմաստ չունի ժողովորդին տանել պարտության։

«Թշնամին որքան ուզում է՝ թող տարածք գրավի, և սրի քաշի մեր քաղաքացիներին, միևնույն է, չարժե շեղվել ճշմարիտ ուղուց»,– կպնդի դավաճանի կարգավիճակում հայտնված «ինստիտուցիոնալը»։

Հետևաբար

Հարց՝ ի՞նչ անուն դնել «ինստիտուցիոնալ» մարդուն, և ի՞նչ անել նրա հետ։ Պատասխանը թողնում ենք ընթերցողների ճաշակին ու երևակայությանը։

Մեկ բան հստակ է՝ եթե մարդն «ինստիտուցիոնալ» է, ապա դա դիագնոզ է։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը