Մեկնաբանություն

08.08.2015 10:05


Դեպի ապահով (հովհարային) Հայաստան

Դեպի ապահով (հովհարային) Հայաստան

Օգոստոսի 1–ից բարձրացել է էլեկտրաէներգիայի սակագինը։ Դրան զուգահեռ՝ շատացել են հովհարային անջատումները։

Փաստորեն, այս ամբողջ պատմության մեջ միայն տխրահռչակ Բիբինն էր անկեղծ։ Նա ասում էր, որ եթե իր ուզած չափով չթանկանա հոսանքի գինը, ապա ՀԷՑ–ը չի երաշխավորում էլեկտրաէներգիայի անխափան մատակարարում։ Այդպես էլ եղավ։

ՀԷՑ–ը հոսանքի գինը թանկացնում է, քանզի այլ տարբերակ չունի. Բաղրամյան 26–ի և ՀԷՑ–ի համատեղ բիզնեսն այլ բան չի ենթադրում։

Սխեման շատ պարզ է՝ ՀԷՑ–ը թանկ գնով ձեռք է բերում իշխանական շրջանակներին պատկանող հոսանք արտադրողների ապրանքը, ինչպես նաև տարատեսակ հատկացումներ է անում «Լույս», «Փարոս» և այլ կազմակերպություններին, որոնք նույնպես պատկանում են իշխանական շրջանակներին։ ՀԷՑ–ը նաև «ատկատային» գործունեություն է իրականացնում, ինչպես նաև աշխատատեղով է ապահովում իշխանական շրջանակների ասած մարդկանց համար, բնականաբար, Բաղրամյան 26–ի ամենօրյա «աուդիտի» շրջանակներում։

Հասկանալի է, որ այս ամենի համար ինչ–որ մեկը պետք է վճարի։ Բաղրամյան 26–ում գտել են այդ «ինչ–որ մեկին»։ Դա ՀՀ քաղաքացին է։

Նազարյան Ռոբերտի «կանտորան» հրահանգով անընդհատ բարձրացնում է հոսանքի սակագինը, ինչն էլ հնարավորություն է տալիս շարունակել թալանը։

Հիմա Բիբինն ահազանգում է, որ թալանն այնպիսի չափերի է հասել, որ հնարավոր չէ առանց թանկացման արդիականացնել «ցանցերը», և անխափան հոսանք մատակարարել։ Նախագահական նստավայրից, սակայն, ցուցում են տվել շարունակել հին ձևով։

Նոր թանկացման համար վճարում են Որոտանի սեփականաշնորհման մութ գործարքից՝ յուրօրինակ ձևով փող «լվանալով», իսկ հետագայում դա ուզում են անել ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի փողերով ու համատեղ մեքենայությունների սխեմայով։

Ահա այսպիսի ապահով Հայաստան էին մեզ խոստացել ու կատարում են իրենց խոստումը։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը