Լրահոս

23.09.2010 17:40


Սերժ Սարգսյանն ընդունել է «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ» բանկի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ» բանկի նախագահ Ժան-Մարի Սանդերին:

Նախագահը բարձր է գնահատել «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ»-ի մասնակցությունն ու ներդրումը Հայաստանի բանկային համակարգում, նշելով, որ բանկն էական մասնակցություն ունի մեր տնտեսության, մասնավորապես' գյուղատնտեսության զարգացման գործում:

«Կարծում եմ, մի կողմից շատ լավ ֆինանսական ներդրում եք կատարել, մյուս կողմից էլ' նոր մշակույթ ներմուծել մեր ֆինանսական շուկա, ինչը չափազանց կարեւոր է մեզ համար»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

«ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ» բանկի նախագահ Ժան-Մարի Սանդերը նշել է, որ  բանկը մեծ սիրով եւ  պատասխանատվությամբ է իր  գործուն մասնակցությունն ունենում Հայաստանի տնտեսության զարգացմանը' առաջնահերթություն տալով գյուղատնտեսության ոլորտին, այնուհետ'գյուղական տարածքների զարգացմանը, իսկ հետագայում նախատեսում է նաեւ իր գործունեությամբ նպաստել, ընդհանուր առմամբ, երկրի զարգացման գործին:

Ժան-Մարի Սանդերի խոսքով, «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ»-ը, բացի ֆինանսատնտեսական համագործակցությունից, իր ներդրումն է բերում նաեւ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում: Իբրեւ օրինակ, նա նշել է անցյալ տարի բանկի հովանավորությամբ Ֆրանսիայում անցկացված Կոմիտասի 140-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը:

Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծվել է, որ կան բոլոր նախադրյալները Հայաստանում «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ» բանկի հետագա գործունեության առավել աշխուժացման եւ ընդլայնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը