Լրահոս

24.09.2010 10:52


Լոռու մարզի դատախազությունը կրկին պարտավորվեց որոշում կայացնել

2010 թ. սեպտեմբերի 23-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահող դատավոր Վ. Ղազարյանի, բավարարեց Լոռու մարզի դատախազության դեմ ներկայացված դիմումը:

Դատարանի որոշմամբ Լոռու մարզի դատախազությունը պարտավորվեց կայացնել որոշում եւ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշման օրինակը տրամադրել հաղորդում ներկայացրած կազմակերպությանը:

Հիշեցնենք, որ սույն գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացնում երրորդ անգամ, մինչ այդ երկու որոշում էլ կայացվել էր ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից:

Դեռեւս 2009 թվականի նոյեմբերի 16-ին կազմակերպությունը հաղորդում էր ներկայացրել Լոռու մարզի դատախազություն՝ քննիչի կողմից քաղաքացու բնակարանն առանց դատարանի որոշման խուզարկելու փաստի առթիվ: Լոռու մարզի դատախազությունը հաղորդման կապակցությամբ որեւէ որոշում չէր կայացել: Կազմակերպության հաղորդմանը վերջինս պատասխանել էր գրությամբ՝ բացատրելով, որ «քննիչը, տեղում նկատելով կասկածելի իրեր, որոշում է կայացրել ամբողջ բնակարանը խուզարկելու վերաբերյալ»: Մինչդեռ, օրենսդրությամբ բնակարանի խուզարկությունը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ:

Դատախազության կողմից օրենքով սահմանված կարգով որոշում կայացնելու համար կազմակերպությունը 2009 թվականի նոյեմբերի 16-ին դիմել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը կազմակերպության դիմումը մերժել էր՝ պատճառաբանելով, որ օրենսդրությամբ կազմակերպությունը պարտավորվում էր նախ բողոքարկել դատախազության անգործությունը ՀՀ գլխավոր դատախազություն, նոր միայն՝ դատարան: Դատարանը հաշվի չէր առել այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ վերադասության կարգով բողոքարկման պահանջը ճանաչվել էր հակասահմանադրական, հետեւաբար՝ կազմակերպությունը կարող էր վերադասության կարգով բողոք չներկայացնել:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կազմակերպության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան:

2010 թվականի փետրվարի 9-ին վերաքննիչ դատարանը բավարարեց կազմակերպության բողոքը եւ գործն ուղարկեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Այս անգամ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց կազմակերպության դիմումը եւ պարտավորեցրեց Լոռու մարզի դատախազությանը հաղորդման կապակցությամբ կայացնել որոշում:

2010 թականի մայիսի 5-ին Լոռու մարզի դատախազությունը բողոքարկեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ՀՀ վերաքննիչ դատարան:

Այս անգամ էլ վերաքննիչ դատարանը բավարարեց Լոռու մարզի դատախազության բողոքը, գործը նորից ուղարկեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործի նոր քննության արդյունքում դատարանը բավարարեց կազմակերպության դիմումը: Լոռու մարզի դատախազությունը պարտավորվեց կայացնել որոշում եւ որոշման օրինակը տրամադրել կազմակերպությանը:

Այս խորագրի վերջին նյութերը