Լրահոս

24.09.2010 11:52


Կարինե Խոդիկյան. «Եթե այդ հույսը չունենամ, Հայաստանը լքած 68 000–ին գումարած մեկն էլ ես կլինեմ...»

Կարինե Խոդիկյան. «Եթե այդ հույսը չունենամ, Հայաստանը լքած 68 000–ին գումարած մեկն էլ ես կլինեմ...»

Դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը «7օր»-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե համամի՞տ է արդյոք այն տեսակետին, թե հասարակական-քաղաքական կյանքը մեռած է՝ ասել է ոչ։

-Քանի դեռ մեր երկրում կա մեկ դժգոհ մարդ, դժգոհ քաղաքացի, որի իրավունքները ոտնահարված են, որն իր տեղը չի գտնում երկրում, որն իրեն համարում է ավելորդ մարդ, բնականաբար, այդ կյանքը մեռած չի կարող լինել։ Իսկ եթե դուք նայեք ձեր շուրջը, կտեսնեք, թե ինչքան դժգոհ մարդիկ կան, և եթե այդ դժգոհ մարդկանցից մի մասը խոհանոցում է փնթփնթում, ապա որոշ ակտիվ մաս (բնականաբար, դա չի կարող շատ մեծ տեսակարար կշիռ ունենալ, և ամբողջ աշխարհում է այդպես, որովհետև նրանք պատկանում  են մտածող և ակտիվ մարդկանց շարքին) անում է իր քայլը՝ քաղաքացիական առավել ակտիվ դիրքորոշում ունի,-նշել է նա։

Ըստ Կարինե Խոդիկյանի՝ մեր երկրում կա նաև մեկ այլ զանգված, որը վերջին 8 ամսում իր ընտրությունն արել է։

-Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ 68 000 մարդ, որը մոտավորպես 15 հազար ընտանիք է (եթե 4 հոգուց է բաղկացած ընտանիքը), Հայաստանը լքեց։ Հիմա այսքանից հետո այն քաղքենին է նման մտքեր հայտնում, որը գոհ է ամեն ինչից, բավարարված է և կարող է հայտարարել, որ հասարակական-քաղաքական կյանքը մեռած է, ճահիճում ամեն ինչ լավ է, մեզ այստեղ էլ վատ չեն կերակրում, թե չէ՝ Թայիթի՜, Թայիթի՜։ Իսկ մտածող մարդիկ ամեն մեկն իր տեղում, իր գործով, իր չափով փորձում է ինչ-որ մի բան անել, որովհետև փոփոխություններ բոլորն են ուզում։ Ես այն ոգևորված  ռոմանտիկներից չեմ, որ միանգամից արդյունք է պհանջում, և ոչ էլ նրանցից, որ մտածեմ, թե երբևէ ինքն իրեն ինչ-որ բան կփոխվի։ Սա մի գործընթաց է, որը գնում է, և ես կարծում եմ, որ իր արդյունքը պետք է ունենա։  Եթե այդ հույսը չունենամ, Հայաստանը լքած 68 000-ին գումարած մեկն էլ ես կլինեմ, որը չի լինի երբեք,-ընդգծել է դրամատուրգը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը