Մեկնաբանություն

31.08.2015 01:35


«Մարդակենտրոն արդարադատություն»

«Մարդակենտրոն արդարադատություն»

Ստույգ չեմ արձանագրել, թե ով առաջինը բարձրաձայնեց «մարդակենտրոն Սահմանադրություն» ձևակերպման մասին, բայց նկատել եմ, որ այն շատ է օգտագործվում Գագիկ Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովի անդամների և իշխանամետ քարոզիչների կողմից։

Ասում են, թե նոր Սահմանադրությունը մարդակենտրոն է, այսինքն՝ ամեն ինչի կենտրոնում մարդն է։

Պարզ է, որ մարդակենտրոն Սահմանադրությամբ մարդակենտրոն համակարգ ունենալու համար պետք է մարդակենտրոն արդարադատություն ստեղծել։

Նոր Սահմանադրության քարոզիչները պնդում են, որ հենց այդպես էլ կա, և ստեղծվելու է այդ մարդակենտրոն դրախտը։

Օրերս դա ապացուցվեց գործնականում։ «Էյր Արմենիայի» տնօրենին, այսինքն՝ մարդուն, դրել էին մի քանի հոգու կենտրոնում ու մի լավ ծեծել։ Այսինքն՝ ծեծը «մարդակենտրոն» էր եղել։ Հետո ծեծվողը բողոքեց։ Բողոքը տևեց մի քանի ժամ, որից հետո ներքին կարգով գործին խառնվեց մեկ այլ մարդ, ով գործող համակարգի կենտրոնում է գտնվում, և հարցը փակվեց «գեղական կարգով»։

Արդյունքում՝ ծեծվողը ցուցաբերեց «քաղաքացիական» բարձր գիտակցություն և ապացուցեց, որ ՀՀ արդարադատության համակարգն արդեն լրիվ մարդակենտրոն է, այն է՝ մեկ մարդ է որոշում, թե ով է պետք է ծեծի, իսկ ով՝ ծեծվի։ Ահա այդ «մարդակենտրոնությանն» էլ ուզում են դե յուրե տեսք տալ Գագիկ Հարությունյանը, Հրայր Թովմասյանը, Վարդան Պողոսյանն ու «մարդակենտրոնության» մյուս ջատագովները՝ Սերժ Սարգսյանի մարդակենտրոն հայացքի ներքո։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը