Մեկնաբանություն

02.09.2015 00:05


Աշոտյանի փողերն ու խոհերը

Աշոտյանի փողերն ու խոհերը

Անդրադառնալով իր որդիներին մասնավոր դպրոց ուղարկելու և նրանց վարձը վճարել կարողանալու հարցին (խոսքը տարեկան մոտ 10 հազար դոլարի մասին է)՝ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շատ ուշագրավ պատասխան է տվել։

«Եթե ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների երեխաները կարող են գնալ մասնավոր, վճարովի դպրոց, ես հանգիստ կարող եմ դա ինձ թույլ տալ»,– ասել է Ա. Աշոտյանը։

Փաստորեն, Աշոտյանը, կամա թե ակամա, բացահայտել է Հայաստանում տիրող բարքերը, համակարգի բնույթը, իշխանավորների մտածողությունը, աշխարհայացքը և կյանքի փիլիսոփայությունը։

Նա, մեծ հաշվով, նորություն չի ասել։ Նորությունը պաշտոնյայի շուրթերից նման բան լսելն էր։

Աշոտյանն, ըստ էության, մուննաթ է եկել լրագրողի վրա ու մեղադրանք ներկայացրել ընդդիմադիր գործչին։ Մուննաթը փողի ծագման թեման արծարծելուն է վերաբերում, իսկ ահա մեղադրանքը «հայեցակարգային» բնույթ ունի։

Աշոտյանն անկեղծորեն կարծում է, որ ընդդիմադիր հատվածում կամ իշխանական շրջանակներից դուրս փող չի կարող պտտվել, հետևաբար պետք է ընդդիմադիր գործիչներից հետաքրքրվել, թե որտեղից նրանց փող։

Չգիտենք, թե որ ընդդիմադիրին է ակնարկում նախարարը, բայց նրա ասածի բուն կոդը հետևյալն է. «Հայաստանում փող կարող են ունենալ միայն իշխանավորները և նրանց մերձավորները, իսկ ընդդիմությունը չի կարող փող ունենալ։ Ու եթե այս պայմաններում ընդդիմության ներկայացուցիչների ձեռքն այնքան փող է ընկնում, որ կարողանում են իրենց երեխաներին վճարովի մասնավոր դպրող ուղարկել, ապա ինչո՞ւ եք զարմանում, որ ես՝ որպես «յուղոտ» ու փողաբեր նախարարության ղեկավար, չպետք է կարողանամ որդիներիս մասնավոր դպրոց ուղարկել։ Պարզ չի՞, որ ես պետական աշխատավարձի հույսին չեմ, ու հանգիստ կարող եմ որդիներիս ոչ միայն տեղական, այլ նաև արտասահմանյան մասնավոր ու թանկարժեք դպրոց ուղարկել»։

Ուշադրությո՛ւն դարձրեք, Աշոտյանը հասկանում է իրեն ուղղված հարցի ենթատեքստը (մինչև նախարար դառնալը «պայթած» 06 ժիգուլիով տեղաշարժվող Աշոտյանին նախարար դառնալուց հետո որտեղի՞ց այդքան փող, որ մասնավոր դպրոցի շատ թանկ վարձը հասցնի տալ, այն էլ՝ նախարարի աշխատավարձով, որը շատ ավելի քիչ է, քան վարձի չափը), բայց պատասխանում է այլ հարթության մեջ, այն է՝ այո՛, ես լավ փող եմ աշխատում, բայց դե, հրե՛ն ընդդիմադիրներն էլ են փող աշխատում, ինձանից ի՞նչ եք ուզում, համ էլ՝ իմ փողի աղբյուրը բոլորիդ հայտնի է՝ նախարարական աթոռը. բա ընդդիմադիրներին որտեղի՞ց այդքան փող, չէ՞ որ իշխանությունները փորձում են վերահսկել ֆինանսական բոլոր հոսքերը։

Նկատենք, որ Աշոտյանի շուրթերով բարբառում է ճշմարտությունը։ Նա ներսից գիտի, որ փողը միայն իշխանության մոտ է, և անկեղծորեն զարմանում ու միգուցե նաև զայրանում է, թե որտեղից ընդդիմադիրներին փող, որ մասնավոր դպրոցի վարձը կարողանում են տալ։ Դե, իսկ իր փողը «լեգիտիմ» ծագում ունի, ինչի՞ մասին է խոսքը։ Ինքը պաշտոն ունի, և չի կարելի նրան միամիտ հարցեր տալ, թե որտեղից փողը։ Պարզ չէ՞, թե որտեղից։ Բա ինչո՞ւ համար է պաշտոնը։ Իսկ ահա ընդդիմադիրների փողի ծագումն անհայտ է, և ուրեմն, Աշոտյանը հանգիստ կարող է վարձը տալ՝ ձեռքի հետ բացահայտելով պետական բյուջեից ֆինանսավորվող դպրոցների վիճակը։

Հարցն այն չէ, որ Աշոտյանն իրավունք չունի իր երեխաներին տանել մասնավոր դպրոց։ Ունի, իհարկե։ Բայց ՀՀ քաղաքացիներն էլ իրավունք ունեն որակյալ կրթություն ստանալ, այլ ոչ թե նայել, թե ինչպես է կրթության ոլորտի թիվ մեկ պատասխանատուն փախչում իր իսկ ղեկավարման ներքո գործող կրթական հաստատությունից։

Նույն պատկերն, ի դեպ, այլ ոլորտներում է։ Օրինակ՝ բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են Հայաստանն առողջապահական կենտրոն դարձնելու մասին, բայց հանրային փողերով գնում են բուժումներ ստանալու արտերկրում և հանգիստ վճարում թանկարժեք բուժման ծախսերը։

Խոսում են Հայաստանը տուրիստական կենտրոն դարձնելուց, բայց տարիներ շարունակ հանգիստն անցակցնում են արտերկրում, ընդ որում՝ գաղտնի պահելով, թե որտեղ և ինչ գումարներով։ Հարավկորեացի լրագրողներն էլ որ «բացբերանություն» չանեին և հուզիչ նկարները համացանցում չտարածեին, ընդհանրապես ոչինչ չէինք իմանա։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը