Լրահոս

24.09.2010 15:49


Կառավարությունը գնացել է կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնելու ռիսկին

Կառավարությունը գնացել է կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնելու ռիսկին

«Հայելի» ակումբում պետական կենսաթոշակների բարեփոխումների փաթեթի մասին խոսելիս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասել է, որ կառավարությունում արդեն  10 տարի է, քննարկվում է' ե՞րբ սկսել կենսաթոշակային բարեփոխումները։

-Կենսաթոշակային բարեփոխումները ձգձգվում էին, որովհետև կա քաղաքական ռիսկ, որը հետևյալն է. այն կառավարությունը, որը կսկսի կենսաթոշակային բարեփոխումները, ինքը ժամանակավորապես չի կարողանա բարձրացնել կենսաթոշակներն այնքան, որքան կարող է, որովհետև այդ գումարները պետք  է գնան 5% յուրաքանչյուր անձի համար, ով ընդգրկված է տվյալ բարեփոխման մեջ,-ասել է Հ. Հակոբյանը։

Նա նշել է,որ կարևոր հարցերից է նաև, թե ում պետք է ընդգրկել բարեփոխումների մեջ։ Փաթեթի համաձայն' մինչև 40 տարեկան այն քաղաքացիները, անհատները և նոտարները, ովքեր զբաղվում են անհատական գործունեությամբ, և վարձու աշխատողները, բոլորն ընդգրկվելու են ծրագրի մեջ։ Նրանք վճարելու են իրենց եկամտի 5%-ը, 5% էլ' մինչև 25 հազ. դրամ, վճարելու է պետությունը, գումարը երաշխավորված ձևով կառավարվելու է ֆոնդերի կառավարիչների կողմից, հսկողությունը կատարվելու է Կենտրոնական բանկի կողմից, և 23 տարի հետո պետության կողմից երաշխավորված կարգով թոշակառուները գումարները կստանան։ Աշխատանք չունեցոցների կենսաթոշակը մինչև 2022թ. պայմանականորեն պետք է կազմի սկզբում  սպառողական զամբյուղի 100%-ի, հետո՝ 150%-ի չափով։

-Սա լուրջ քաղաքական հայտ է։ Գործող կառավարությունը գնացել է այդ քաղաքական ռիսկին՝ հայտարարելով՝ այսօրվա սերունդը թող ունենա որոշակի դժվարություններ մեկ պայմանով, որ այսօրվա երիտասարդները վաղն ապահովված լինեն։ Այս բոլոր քայլերը կատարվում են իրենց ապագայի համար,-ընդգծել է նա։

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ևս նշել է, որ բարեփոխումերը բազմաթիվ ռիսկեր են պարունակում։ Նա, մասնավորապես, ընդգծել է, թե նոր համակարգը վստահության զրոյական պաշար ունի, և լսումների ժամանակ էլ պարզվել է, որ պետությունը քաղաքացուց պահանջելու է, որ նա այդ գումարը ներդնի ու կուտակի, բայց իր մասով չի երաշխավորում։ Նա նշել է նաև, որ գումարը վերահսկող կառավարչին հակակշիռ պետք է լինի պահառուն, նրանք պետք է հնարավորինս անկախ լինեն իրարից. «Մեր երկրում ո՞վ կարող է ասել, թե հնարավոր է այդպիսի երկու մարդ, որոնք իսկապես իրարից անկախ լինեն»։

Նրա խոսքերով՝ բարեփոխումների ժամանակ հակասություն է առաջանում նաև քաղաքացիա-իրավական և աշխատանքային պայմանագրերի միջև, քանի որ թոշակառուի ստաժը հաշվվում է դրանց հիման վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը