Մեկնաբանություն

03.09.2015 17:00


Բա ՄԻԱ՞Կ–ը

Բա ՄԻԱ՞Կ–ը

ԱԺ–ում նոր Սահմանադրության թեմայով լսումներից առաջ Սերժ Սարգսյանը «գույքագրում» կատարեց սեփական շրջապատում՝ մեկիկ–մեկիկ իր մոտ կանչելով կուսակցություններին։ Դա, այսպես ասած, համահաճախորդական հավաք էր։

ՀՀԿ ղեկավարի համար այնքան կարևոր էին լուսանկարներն ու ձեռքսեղմումների կադրերը, որ նա Բ26–ում հանդիպեց նույնիսկ ՀՀԿ խմբակցության անդամ հանդիսացող կուսակցապետերին։ Բոլորը հագել էին իրենց «կաստում–շլվարը» (կամ էլ՝ «վիպուսկնոյի» յուբկեն), «ֆենել» մազերն ու ներկայացել նախագահական նստավայր։

Հանդիպման հրավեր չէր ուղարկվել միայն ՀՀԿ–ին կցված ՄԻԱԿ–ին։ Հարցն այն չէ, որ եթե այդ կուսակցության ներկայացուցիչներին կանչեին, ապա նրանք չէին գնա, ու այդ իսկ պատճառով հրավեր չէր ուղարկվել։ Նման բան չէր կարող լինել։ Եթե կանչեին, ապա կգնային։ Բայց չէին կանչել։

Թե ինչու էր լուսանկարների կարիք զգացող Սերժ Սարգսյանի կողմից անտեսվել ՄԻԱԿ–ը, դժվար է ասելը։ Հիմնականում երկու պատճառ կարող է լինել։

Կամ ՄԻԱԿ–ն այնքան «տնական» կուսակցություն է Սարգսյանի համար, որ նա չի էլ նկատել, որ բաց է թողել ևս մեկ ֆոտոսեսիայի հնարավորություն։ ՄԻԱԿ–ն, ըստ այդմ, թռել է նրա մտքից։ Նա, երևի, համարել է, որ ՄԻԱԿ–ին հանդիպելը նույնն է, թե իր վարորդ Վաչիկ Ղազարյանի հետ հանդիպի, ու հրապարակավ «քննարկի» Սահմանադրության հարցը։

Կամ էլ նախագահական են կանչել ՀՀԿ խմբակցության մաս կազմող այն կուսակցություններին, որոնց ձեռքի հետ նաև ուզեցել են «փչացնել», թեև Գեղամյանին «փչացնելու» առումով «դալշե նեկուդա» վիճակ է, ու հազիվ թե այդ նպատակով հատուկ «ձեռքսեղմում» օպերացիա կազմակերպվեր։ Չնայած, մյուս կողմից էլ, Սերժ Սարգսյանը ցույց է տվել, որ թամաշաների ու էժանագին տեսարանների սիրահար է, ու որևէ խնդիր չունի իր կողմից «դհոլ» որակվածի կամ մեկ ուրիշի հետ տեսա և ֆոտոխցիկների առաջ կանգնելու առումով։

Մի խոսքով, ՄԻԱԿ–ին ֆոտոսեսիայի մասնակից չդարձնելու հարցը բաց մնաց, թեև ամենաբոցաշունչ ձևով հենց այդ ուժի ներկայացուցիչներն են պաշտպանում «սահմանադրական» հեղաշրջման նախագիծը։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը