Մեկնաբանություն

03.09.2015 19:45


Իշխանական «կտերն» ու ամլիկ «գառները»

Իշխանական «կտերն» ու ամլիկ «գառները»

Սահմանադրական փոփոխությունների օգտին դրական «փիար» անել իշխանությունները չեն կարողանում։ Ըստ ամենայնի՝ բոլորն էլ ադեկվատ պատկերացումներ ունեն, և հասկանում են, որ նոր Սահմանադրության օգտին դրական քարոզը պետք է կրի զուտ ձևական բնույթ, ու դրանով պետք է զբաղվեն միայն հաստիքային ՀՀԿ–ականները և նրանց կցված դաշնակցականները (ֆոտոսեսիայի մասնակիցներին ավելի «համեստ» դեր է տրված)։

«Անկախ» մամուլին, «փորձագետներին» ու հաճախորդներին այլ հանձնարարական է վերապահված։ Սրանք ոչ թե ասում են, թե նոր Սահմանադրությունը լավն է, և պետք է «այո» ասել դրան, այլ քարոզում են, թե եթե «ոչ» ասեք սահմանադրական փոփոխություններին, ապա դա նշանակում է «այո» Ռոբերտ Քոչարյանին։ Այսինքն՝ սրանք էլ են ասում «այո» «սահմանադրական» հեղաշրջմանը, բայց գեղամյանավարի են ասում։

Թե ինչու են Ս. Սարգսյանի համար սխալ, իսկ Ռ. Քոչարյանի համար ձեռնտու քարոզչական տեխնոլոգիա կիրառում, Բ26–ում կիմանան։ Նրանք, երևի, մտածում են, որ Քոչարյանի համեմատ՝ Սարգսյանը կարող է չարյաց փոքրագույնը համարվել, բայց դե, չարաչար սխալվում են։ Ինչևէ։

Քոչարյանի թեման մեջտեղ բերելը Բ26–ի համար ունի նաև այլ նպատակ։ Թերևս հաշվարկներից մեկն այն է, որ որոշ շրջանակներ, նոր Սահմանադրությանը դեմ լինելով հանդերձ, ՀՀԿ ղեկավարին թողած՝ կսկսեն պայքարել ՀՀ երկրորդ նախագահի դեմ։ Սարգսյանն, ի դեպ, կողմ է, որ սահմանադրական փոփոխություններին ոչ ասես, բայց զուգահեռաբար կատաղի պայքար մղես Քոչարյանի դեմ։ Այս կոդը հստակ երևում է իշխանական մամուլում։

Հարկ է նկատել, որ այս մասով սերժականների քաղտեխնոլոգիան մասամբ աշխատել է, քանզի սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասող որոշ անհատներ «անկախ» մամուլի էջերից սկսել են կռիվ տալ ոչ այնքան Սարգսյանի, որքան Քոչարյանի դեմ։ Ասել է թե՝ որոշ ամլիկ «գառներ» իշխանությունների նետած «կուտը» կերել են։

Մեզ մնում է միայն եզրակացնել, որ այդ «կուտն» ուտողները լավագույն դեպքում «ազնիվ քյարփինջներ» են, իսկ վատագույն դեպքում՝ «դհոլ»։ Ընտրությունն իրենցն է։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը