Մեկնաբանություն

09.09.2015 09:00


Աշոտյանը՝ Բաղրամյան փողոցից

Աշոտյանը՝ Բաղրամյան փողոցից

Արմեն Աշոտյանը պարբերաբար ապացուցում է, որ Բաղրամյան փողոցում իր հետ շատ մեղմ են վարվել։

Երեկ նա հայտարարել է, որ դպրոցները փակվում են, քանի որ երեխա չկա, իսկ երեխա չկա, քանի որ չեն ծննդաբերում։

Այդ նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ Հայաստանում արտագաղթ կա, քանի որ գնացողները հետ չեն վերադառնում, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, քանի որ մարդիկ ընտրակաշառք են վերցնում, և որ Հայաստանում խիարը թարս է բուսնում, քանի որ գյուղացիները բանան չեն ցանում։

Կամ էլ՝ մեր տնտեսությունը խնդիրներ ունի, քանի որ մարդիկ չեն աշխատում։

Ի դեպ, աշխատելու պահով մի հայտնի անեկդոտ կա։ Ասում են՝ Սերժ Սարգսյանը շրջում է փողոցներով ու համապատասխան չինովնիկից հետաքրքրվում, թե այս կամ այն օբյեկտն ումն է։ Չինովնիկը պատասխանում է, որ բոլորն էլ պատկանում են Սաշիկին, կամ առնվազն նրա փայամասնակցությամբ են գործում։ Սերժը դրանից հետո անմիջապես բարկանում է, թե բա՝ տնտեսության վիճակը դրա համար է վատ, քանի որ միայն իր եղբայրն է աշխատում այս երկրում։

Հիմա Աշոտյանն է։ Պարզ նախադասություններ է ասում՝ փորձելով խեղաթյուրել պատճառահետևանքային կապը և բացահայտել «մեղավորներին»։

Դպրոցներում առաջինդասարանցիների թիվը կրճատվում է, քանի որ արտագաղթ կա։ Իսկ արտագաղթ կա, քանի որ միայն Սերժ Սարգսյանի մերձավորների ու մանկության ընկերների բիզնեսներն են ծաղկում, իսկ մյուսները ստիպված են հարկային տեռորի տակ ընկնել, կարմիր կետագծերի համար մուծվել և այլն։

Մարդիկ չեն ծննդաբերում, քանի որ ֆինանսների խնդիր ունեն։ Իսկ ունեն, քանի որ «Մեկ օլիգարխի տնտեսության» պայմաններում միայն մեկ ընտանիք պետք է հարստանա, իսկ մյուսները համակերպվեն դրա հետ։

Աշոտյանը, ենթադրաբար, գիտի այս ամենը, բայց իրեն Աշոտյանի տեղ է դնում ու դեմագոգիկ մտքեր հայտնում։ Նրան հենց դրա համար էլ նախարար են նշանակել, որ արտահայտվի «Ծառից ընկավ մի ծիտիկ, ա՛յ քեզ հիմար նապաստակ» ոճի մեջ։

Չէ, ինչպես գցում–բռնում ենք, Բաղրամյան փողոցում, իրոք, շատ մեղմ վարվեցին նրա հետ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը