Մեկնաբանություն

10.09.2015 09:40


Գրված և չգրված Սահմանադրություն

Գրված և չգրված Սահմանադրություն

Չկա որևէ բռնապետական ռեժիմ կամ ավտորիտար կառավարման համակարգ, որի պայմաններում հայտարարվի, որ պետությունը ղեկավարվելու է հակաժողովրդավարական մեթոդներով։ Ճիշտ հակառակը՝ որքան բռնապետական է ռեժիմը, և որքան ավտորիտար է կառավարման համակարգը, այնքան ավելի շատ է օգտագործվում ժողովրդավարական հռետորաբանությունը։

Աշխարհի ոչ մի բռնապետ կամ ոչ լեգիտիմ ղեկավար չի հայտարարում, որ ինքն իշխանության է գալիս կամ իշխանությունը պահում է, որպեսզի թալանի հանրությանը, ամբողջ բիզնեսը ենթարկի իրեն, սահմանափակի մարդկանց ազատություններն ու իրավունքները։

Առավել ևս՝ որևէ ավտորիտար պետության Սահմանադրության մեջ գրված չի լինում, որ ընտրությունները պետք է կեղծվեն, դատավորները պետք է հրահանգներ կատարեն, իրավապահները կաշառք վերցնեն, կամ իշխանավորները «նստեն» «ատկատի» վրա։

ԽՍՀՄ–ում կար շատ փայլուն Սահմանադրություն։ Հատկապես Բրեժնևի առաջարկածը շատ լավ շարադրված գրական ստեղծագործություն էր (Յուվեցի Կարոյի ականջը կանչի), բայց իրականում այդ պետության կառավարման համակարգն ամբողջությամբ գործում էր ստվերային դաշտում, որոշումները կայացվում էին փակ կաբինետներում, ֆորմալ ու ոչ ֆորմալ հարաբերությունները խոր հակասության մեջ էին։ Արդյունքում՝ ԽՍՀՄ–ը փլուզվեց։

Հիմա, երբ մեզ ասվում է, որ մարդակենտրոն Սահմանադրություն է առաջարկվում, պարզապես սարսափել կարելի է, քանզի մեր տիպի պետություններում գրվածն ու իրականը հակադիր են լինում։ Իսկ դա նշանակում է, որ մեզ մարդատյաց Սահմանադրություն են առաջարկում։

Թե ինչ կարող է լինել դրա արդյունքում, դժվար չէ պատկերացնել։ Ոչ վաղ անցյալի պատմությունը դեռևս թարմ է բոլորիս հիշողություններում։

Չկայացած ժողովրդավարությամբ երկրներում գործում է չգրված Սահմանադրությունը, որը ենթադրում է ամբողջությամբ ստվերային կառավարում և մարդու իրավունքների տոտալ սահմանափակումներ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը