Լրահոս

25.09.2010 13:44


Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Հնդկաստանում և Քուվեյթում

Սեպտեմբերի 23-ին Քուվեյթի «Մարինա» հյուրանոցի «Six Palms» սրահում առաջին անգամ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձին նվիրված պետական ընդունելություն:

Հանդիսությանը ներկա էին տեղական իշխանությունների, Քուվեյթի արտաքին գործերի նախարարության, հայ համայնքի, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ինչպես նաեւ հայտնի գործարարներ եւ քաղաքական գործիչներ:

Հայաստանի եւ Քուվեյթի պետական օրհներգները հնչելուց հետո բացման խոսքով հանդես եկավ Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: Նա անդրադարձել է հայ-քուվեյթյան հարաբերությունների ներկա վիճակին եւ միջպետական համագործակցությունը խթանելու հետագա ծրագրերին' Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն հայտնելով Քուվեյթի իշխանություններին եւ քուվեյթահայ համայնքին Հայաստանի դեսպանության հիմնադրման գործում ցուցաբերած զգալի աջակցության եւ մեծ ավանդի համար:

Հնդկաստան

Սեպտեմբերի 21-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի շենքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 19-ամյա տարեդարձին նվիրված երեկո, որին մասնակցել են' Հայր Խորեն Հովհաննիսյանը, եկեղեցական խորհրդի անդամները, Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը, ճեմարանի սաները, հնդկահայոց համայնքի անդամները եւ տեղական մամուլի ներկայացուցիչները:

Երեկոն մեկնարկել է ճեմարանի սաների հեղինակած նկարների ցուցահանդեսով, որին հաջորդել է Հայաստանին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրում: Այնուհետեւ իր ելույթում դեսպանը շնորհավորել է ներկաներին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ, երախտագիտության խոսքեր հայտնել հնդկահայոց համայնքին Հայաստանին ցուցաբերված աջակցության համար եւ համոզմունք հայտնել, որ Հայաստան-Սփյուռք համագործակցության հետագա խորացումը կշարունակի իր նպաստը բերել Մայր Հայրենիքի եւ հայոց անկախ պետականության հետագա հզորացմանը եւ սփյուռքահայ գաղթօջախների պահպանմանն ու զարգացմանը:

Սեպտեմբերի 22-ին հնդկահայոց հոգեւոր հովիվը եւ ՀՀ դեսպանը ուխտագնացություն են կատարել 1695թ. Չինսուրա քաղաքում հիմնադրված Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցի: Սուրբ Հովհաննես եկեղեցուն կից գերեզմանատանը գտնվում են Արցախի վերջին մելիքներից Ֆրիդոն Մելիք Բեգլարյանի եւ նրա հետնորդների գերեզմանները:

Այս խորագրի վերջին նյութերը