Մեկնաբանություն

14.09.2015 09:35


«Ընդդիմադիրների» դասակարգումը

«Ընդդիմադիրների» դասակարգումը

Սահմանադրական փոփոխությունների օգտին արտահայտվում են հիմնականում տխրահռչակ Հրայր Թովմասյանը (Հրայրի հետ ուս ուսի տված «սահմանադրական» հեղաշրջում քարոզող Արմեն Ռուստամյանի ականջը կանչի), նրա գործընկեր Վարդան Պողոսյանը և առանձին դաշնակցականներ։ Սրանց գումարած մի քանի ՀՀԿ–ականներ, և վերջ։

Սերժ Սարգսյանը հասկանում է, որ եթե հանկարծ հրապարակավ դրական կարծիք հայտնի նոր Սահմանադրության մասին, ապա հանրային ամենաանտեղյակ շերտերն էլ անմիջապես հակառակ ռեակցիան կտան։ Դրա համար էլ սուս է մնում, թեև առանց նրա խոսքի էլ բոլորը հասկանում են, թե ինչն ինչոց է։

Նոր Սահմանադրության քարոզն իշխանությունները որոշել են իրականացնել հաճախորդների միջոցով։ Բաղրամյան 26–ում ֆոտոսեսիայի մասնակիցներից շատերի վրա դրված է «ոչ»–ի դեմ պայքարելու «սուրբ» պարտականությունը։ Հաճախորդաց բանակում կան նաև «սկզբունքայիններ», որոնք նախագահական նստավայր չեն գնացել, բայց գնացողներից շատ ավելի մեծ էնտուզիազմով են աշխատում «սահմանադրական» հեղաշրջման օգտին։

«Սերժական մատոռով ընդդիմադիրները» բաժանվում են մի քանի կարգի՝

1.«Ոչ»–ի դեմ կատաղի կռիվ տվողներ, այսինքն՝ ընդդիմության ընդդիմադիրներ, որոնք հիմնավորում են իրենց «այո»–ն, իբր, գաղափարական մոտիվներով։ «Ատմազկան» հետևյալն է՝ «Մենք անհիշելի ժամանակներից կողմ ենք եղել խորհրդարանական մոդելին»։ Այս խմբի մեջ են ՀՅԴ–ն, Սերժին բարևելիս մի քանի տակ ծալվող Արարատ Զուրաբյանը, անազատ ու սաստիկ արևմտամետ դեմոկրատները և այլն։

2.Բոյկոտի քարոզ տանողներ՝ «Սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ են» թեմայով։ Այս «նիշայում» աշխատում է Նիկոլ Փաշինյանը՝ իր փոքրաթիվ թիմով՝ այն հույսով, որ սերժական Սահմանադրությունը կանցնի, «Ոչ»–ի ճակատի մասնակիցները «կքաշվեն», իսկ ինքը խրախուսական մրցանակ կստանա իշխանությունների կողմից՝ «սահմանադրական» հեղաշրջման գործընթացին սեփական ձևերով աջակցելու համար։

3.Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողներ, որոնք պայքարում են ոչ թե կամ ոչ այնքան Սերժ Սարգսյանի ու նրա նախաձեռնության, այլ ... Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Այս կատեգորիայում կան ինչպես վճարովի «դհոլներ», այնպես էլ «դհոլների» ջրերն ընկած «ազնիվ քյարփինջներ»։ Այս կատեգորիայում հայտնվածները հատկապես պահանջված են «անկախ» մամուլի կողմից, քանզի ապահովում են թիրախային շեղումներն ու ամենաշատը ջուր լցնում ՀՀԿ ղեկավարի «ջրաղացին»։

4.«Անգլուխ ձիավորներ», որոնք սպասում են՝ տեսնեն, թե իրենց ինչ են ասելու, որ այն էլ անեն, բայց իրենց բան չեն ասում, և այդ իսկ պատճառով էլ մոլորված ու շվարած կանգնել են իշխանական կուլիսներում։

Էլի մի քանի տեսակներ կան «ընդդիմադիր» դաշտում, բայց դրանք հիմնականում տեղավորվում են այս չորս կարգի մեջ։

Հետևելով այս կամ այն «ընդդիմադիր» գործչի վարքագծին՝ կարելի է հեշտությամբ տարբերել նրանց։ Ու կապ չունի, թե ով ինչպես և որտեղ է խոսում՝ փողոցում կանգնած ու փրփուրը բերանի՞ն, թե՞ սերժական «Tert.am»–ի կամ «1in.am»–ի տիրույթում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը