Մեկնաբանություն

15.09.2015 21:35


Նաստա՛րտ, վնիմանիյու, մա՛րշ. Մարքրիտն ու Արտաշեսը

Նաստա՛րտ, վնիմանիյու, մա՛րշ. Մարքրիտն ու Արտաշեսը

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը թևակոխել է խորհրդարանական քննարկումների, ավելի ճիշտ՝ էժնագին թամաշայի փուլ։ Ամեն մեկին մի հանձնարարություն են տվել ու բաց թողել եթեր։

Եկել է ՀՀԿ–ի «խոսկան» պատգամավորների դրսևորվելու փուլը։

Եթե տարիներ առաջ Արտաշես Գեղամյանը տիեզերական մասշտաբի «գեոպոլիԾիկ» վերլուծություններ էր անում, ապոկալիպտիկ սցենարներ ներկայացնում հայ ժողովրդին ու վերջում եզրակացնում, որ առանց Սերժ Սարգսյանին հեռացնելու՝ Հայաստանում ոչինչ չի ստացվի (այդ հարցում նրա հետ դժվար էր վիճելը), ապա այժմ Մամիկոնիչը նույն «գեոպոլիԾիկ» տեքստն արտասանում է, բայց վերջում ոչ թե քննադատում է, այլ քծնում Սերժ Սարգսյանին։

Բացառիկ այս սկզբունքայնության համար նա տարիներ առաջ Սերժ Սարգսյանից ստացել է «դհոլ» փաղաքշական մականունը և ամեն օր ապացուցում է, որ արժանի է դրան։

Մեկ ուրիշ ՀՀԿ–ականի հանձնարարված է համոզել, որ Սերժ Սարգսյանը վերարտադրվելու խնդիր չի դրել։ Ի դեպ, այդ կոդը Բաղրամյան 26–ի հիմնականն է, քանզի բոլորն էլ հասկանում են, որ միայն Սերժ Սարգսյանի դեմ քարոզ տանելով է հնարավոր գոնե մի քանի անտեղյակի համոզել, որ պրոսերժական նոր Սահմանադրությունը լավ բան է։

«Գեներալնի լինյայից», սակայն, շեղվել է «խիստ անկախ» թերթի նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը, կամ ինչպես Գալուստ «Դասականիչը» կասեր՝ Մարքրիտը։ Սույն պատգամավորուհին բռնեց ու հայտարարեց, թե բա սենց ու սենց՝ Սերժ Սարգսյանի պես մարդն ինչո՞ւ չպետք է վերարտադրվի։

Դժվար է ասել, թե արդյոք Մարքրիտը Սերժին քծնել ու «չվերարտադրվելու» գլխավոր քարոզչակոդից շեղվել է սեփակա՞ն նախաձեռնությամբ, թե՞ Բաղրամյան 26–ում փորձում են հանրային արձագանքը ստուգել։

Ամեն դեպքում, զգացվում է, որ բոլոր օդիոզ դեմքերին ասել են՝ «Նաստա՛րտ, վնիմանիյու, մա՛րշ»։ Սրանք էլ «մարշ» են եղել։ Բա ուրիշ ի՞նչ պետք է անեին։ Այդ ձրիակերներին նմանատիպ բաների համար են քարշ տվել ԱԺ։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը