Մեկնաբանություն

17.09.2015 08:48


«Ֆուտբոլասեր» և «եվրաինտեգրիստ» Կարենը

«Ֆուտբոլասեր» և «եվրաինտեգրիստ» Կարենը

ՀՀԿ–ական Արփինե Հովհաննիսյանի նախարար դառնալուց հետո պատգամավորական մանդատի տեր դարձավ ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնված Կարեն Բեքարյանը։

Սա այն Կարենն է, ով ղեկավարում է «Եվրոպական ինտեգրացիա» զրնգուն անունը կրող ՀԿ–ն, և ով տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ, անկախ փորձագետի կարգավիճակով, թուրքագետ ներկայացող Ռուբեն Սաֆրաստյանի ու քաղաքագետ ներկայացող Ալեքսանդր Իսկանդարյանի հետ փրփուրը բերանին գովերգում էր Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը» և հայտարարում, թե ուր որ է՝ հայ–թուրքական սահմանը բացվելու է, և ՀՀԿ ղեկավարը Հայաստանը «չերեզ Թուրքիա» տանելու է դեպի լուսապայծառ ԵՄ։

Ինչպես հայտնի է, «Ֆուտբոլային» դիվանագիտությունը խայտառակ արդյունքներ ապահովեց ՀՀ–ի համար, բայց կարենբեքարյաններն իրենց ռետինե խողովակի տեղ դրեցին, անցան ընդհատակ ու հիմա առիթի դեպքում «հայրենասիրություն» են խաղում, նաև՝ «պահանջատիրություն»։

«Ֆուտբոլին» հաջորդեց «եվրաասոցացման» արկածախնդրությունը։ Նույն կարենբեքարյանները Սերժ Սարգսյանին ծառայելը սկսեցին արդարացնել «Զատո նա մեզ տանում է դեպի լուսապայծառ ԵՄ» բլեֆով։

Սերժն այնպես եվրաինտեգրվեց, որ ՀՀ–ն հայտնվեց Կրեմլի «պադվալում»։ Կարենբեքարյանները կրկին լուռ մնացին ու կրկին իրենց ռետինե խողովակի տեղ դրեցին։ Նրանք ծպտուն չհանեցին ու հանուն իրենց որդեգրած գաղափարների դուրս չեկան պայքարի։

Հիմա «ֆուտբոլասեր» և «եվրաինտեգրիստ» Կարենը դարձել է ՀՀԿ–ի ցուցակով պատգամավոր։ Այն ՀՀԿ–ի, որի ղեկավարը գիշերային որոշմամբ ՀՀ–ն տարավ դեպի ԵՏՄ։

Տվյալ դեպքում մի կողմ թողնենք, թե արդյոք ճի՞շտ էր ԵՏՄ գնալը, թե՞ ոչ։ Հարցն այն է, որ սկզբունքային ու արևմտամետ ներկայացող կարենբեքարյանները ոչնչով չեն տարբերվում մանդատի համար ուշքները գնացող շմայսներից ու մանվելներից։ Ավելի ճիշտ՝ տարբերվում են. վերջիններս գոնե ձևեր չեն թափում, թե բա՝ մենք քյարթու չենք և խիստ արևմտամետ ենք։ Իսկ ահա կարենբեքարյանները ներկայանում են համամարդկային ու քաղաքացիական արժեքների կրող երդվյալ արևմտամետներ, սակայն իրականում խոր արևելյան մտածողության տեր են և առաջնորդվում են թուրքմենբաշիական արժեհամակարգով։

Եվրաինտեգրումը սրանց համար գրանտ կպցնելու միջոց է, իսկ Սերժին ծառայելը՝ «կոռմից» չզրկվելու երաշխիք։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը