Խմբագրական

18.09.2015 12:00


Սերժ Սարգսյանի իրականացրած «Մեծ կոտորածից» հետո

Սերժ Սարգսյանի իրականացրած «Մեծ կոտորածից» հետո

Սերժ Սարգսյանը «քաղաքական» կոչված դաշտում «Մեծ կոտորած» կազմակերպեց։ Տեսարանը տհաճ էր, բայց պետք է արձանագրել, որ սանիտարական հատումները նաև օգտակար են։ Ի վերջո, «խլամը» շպրտվում է մի կողմ։ Ու կապ չունի, թե ով է «հավաքարարը», իսկ ով՝ քաղաքական «նեկրոֆիլը»։

«Սևերն» ու «սպիտակները»

Հիմա ընդունված է քաղաքական դաշտը բաժանել Բաղրամյան 26–ում կազմակերպած ֆոտոսեսիայի մասնակիցների ու չմասնակիցների միջև, սակայն դա սխալ բաժանում է։

Սերժը Սարգսյանի ձեռքը կռացած պոզայով սեղմողներն, անշո՛ւշտ, հաճախորդներ են, ու այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բայց արդյոք ՀՀԿ ղեկավարի դուռը չգնացածների մեջ քի՞չ են հաճախորդները։ Իհա՛րկե, քիչ չեն։

Հրե՛ն, Նիկոլ Փաշինյանի վարքագծին նայեք։ Նա չի մասնակցել ֆոտոսեսիային, բոցաշունչ ելույթներ է ունենում և կռիվ տալիս ... Սերժ Սարգսյանի ընդդիմախոսների դեմ։

Կամ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ով նույնպես նախագահականում չի նկարահանվել, և ով «1in.am»–ի էջերից «դհոլություն» է անում Քոչարյանի դեմ ու միևնույն ժամանակ «ոչ» ասում սահմանադրական փոփոխություններին, հո միանգամից «պուպուշ» չդարձա՞վ։ Արամի «ոչ»–ն այնքան չաղլիկ «այո» է Սերժ Սարգսյանին, որ էլ չասելու։

Է՛հ, ՀՀԿ–ի ցուցակին կցված ՄԻԱԿ–ն էլ չի գնացել Բաղրամյան 26։ Հետո ի՞նչ։ Էդ կուսակցության երիտբոլշևիկներն ավելի մեծ էնտուզիազմով են պաշտպանում «սահմանադրական» հեղաշրջումը, քան մյուսները։ Այնպես որ, «այցելածներով» ու «չայցելածներով» սխալ է բաժանում կատարելը։

«Այո» կամ «ոչ»

Սխալ է նաև քաղաքական սուբյեկտներին «այո»–ի և «ոչ»–ի միջոցով բաժանելը։ ՕԵԿ–ն, օրինակ, մասնակցել է ֆոտոսեսիային, բայց դեմ է արտահայտվում փոփոխություններին։ Հիմա ի՞նչ։

«Ոչ» ասողների մեջ այնքան «այո» վարքագիծ դրսևորած ու դրսևորող կա, որ էլ դու սուս։ Նույնը վերաբերում է նաև հրապարակավ «Այո» ասողներին, որոնք իրականում «Ոչ»–ի կողմնակիցներ են։

Բագրատյան Հրանտը միացել է «Ո՛չ»–ի ճակատին, բայց գնացել ու գյալաջի է արել Սերժ Սարգսյանի հետ՝ շատ լավ հասկանալով, որ որպես դեկորատիվ իր է նկարահանվում։ Համ էլ՝ Բագրատյանի մեգադհոլությունը ոչ թե նոր բացահայտվեց, այլ նախագահական «ֆեյք» ընտրությունների ժամանակ։ Այնպես որ, ոչ մի զարմանալու բան չկա։

Եվ ամենացայտուն օրինակը։ «Հակաիմպերիալիստ» Պարույր Հայրիկյանը ևս միացել է «Ո՛չ»–ի ճակատին։ Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են։

Քաղաքական սուբյեկտների գնահատականը

Մի խոսքով, քաղաքական սուբյեկտներին գնահատական տալու սխալ մեթոդոլոգիա է ընտրված։ Ճիշտը հետևյալն է՝

1. Գեղամյանին «տված ու անցածներ»

Սրանք բացահայտված հաճախորդներն են, որոնց մանրամեծածախ գներով սեփականաշնորհել են ու որոշակի դերակատարում տվել։

Գեղամյանի հոգեզավակները «ափաշքարա» են գործում ու վաղուց պայթած են. կոոպերատիվ ՀՀՇ–ի ղեկավար Արարատ Զուրաբյանից սկսած՝ «անկախագույն» պատգամավոր Էդմոն Մարուքյանով վերջացրած։

Սրանց համապատկերին Արտաշես Մամիկոնովիչը բարոյականության և քաղաքական սկզբունքայնության մարմնավորում կարող է համարվել։

2. «Գաղափարական» գեղամյաններ

Սրանք այն սուբյեկտներն են, որոնք Սերժ Սարգսյանին ծառայելու համար տարբեր «ատմազկաներ» են ներկայացնում՝ «Սերժն ի՞նչ անի. նա կրակն է ընկել չար Պուտինի, դաժան Քոչարյանի, ագահ օլիգարխների ձեռքը» դեմագոգիկ թեմայով։

«Գաղափարական» գեղամյանները ներկայանում են իբրև արևմտամետներ ու պաշտպանում ՀՀ–ն գիշերով ԵՏՄ մտցրած Սերժ Սարգսյանին՝ ձևակերպելով, թե նա հոգու խորքում ԵՄ–իստ է, ու դրա համար էլ արժանանում է իրենց պաշտպանությանը։

Դավիթ Շահնազարյան, Արամ Սարգսյան, «քաղաքացիականներ», «անկախ» մամուլի մշակներ. սրանք բոլորը «գաղափարական» գեղամյաններ են։

3. Սերժի «զապաս պագրիշկա»

Սրանք այն սուբյեկտներն են, որոնք կուզենային, որ Սերժն իրենց սեփականաշնորհեր, ու պարբերաբար քայլեր են անում այդ ուղղությամբ, բայց ՀՀԿ ղեկավարը սրանց հետ աշխատում է մեկանգամյա սկզբունքով ու միայն խիստ լարված քաղաքական իրավիճակներում։ Այլ կերպ ասած՝ գեղամյանացնում ու դեն է նետում «զապաս պագրիշկեքին», ինչից հետո վերջիններս դառնում են «թունդ ընդդիմադիրներ» մինչև հաջորդ ծախվելը։

«Խոխման» այն է, որ ծախվում է «զապաս պագրիշկեքի» վերնախավը, իսկ լուծը քաշում են հետզհետե նոսրացող շարքերը։

Հարկ է նկատել, որ «զապաս պագրիշկեքի» տիրույթում բազմաթիվ նորմալ մտածողություն ունեցողներ կան, որոնք, սակայն, հանգամանքների բերումով դեռևս մնում են այնտեղ։ Բայց եթե առողջ գործընթացներ տեսնեն, ապա անպայման կմիանան։

4. Քաղաքական ծաղրածուներ և ապուշներ

Սրանք այն շրջանակներն են, որոնք անկեղծորեն համոզված են, որ պայքարում են ռեժիմի դեմ, բայց իրենց ամեն մի քայլով նպաստում են նույն այդ ռեժիմի պահպանմանը։

Քաղաքական ապուշներ և ծաղրածուներ կան ամեն մի հասարակության մեջ, բայց նորմալ պետություններում դրանք մարգինալ կարգավիճակ են ունենում, իսկ մեզ մոտ այդպես չէ։

Գժերի պակաս չի զգացվում։ Նրանց անընդհատ «ռասկրուտկա են անում» «անկախ» մամուլով, ինչը քաղտեխնոլոգիայի առումով հասկանալի է։

5. Իշխանության կուսակցության ներկայացուցիչներ

Սրանք հիմնականում հավաքված են ՀՀԿ–ում։ Ասել, որ իշխանության կուսակցության ներկայացուցիչները սկզբունքային նժդեհականներ են կամ ցեղակրոնվածներ, պարզապես ծիծաղելի կլինի։

Ասել, որ այստեղ մարդակենտրոն գործիչներ են հավաքված (հիմա դա մոդայիկ է), զավեշտալի կլինի։ Մի հատ Շմայսի, Սաշիկի, Սերժի կամ Մանվելի դեմքին նայեք, ու ամեն ինչ պարզ կդառնա։

Սխալ կլինի նաև ասելը, որ ՀՀԿ–ում բացառապես սրիկաներ են հավաքված։ Ճիշտ հակառակը՝ իշխանական բուրգի տարբեր հատվածներում հայտնված սուբյեկտների մեջ ամենաշատն է առողջ տարրը։ Համեմատեք նրանց բագրատյանատիպ մեգադհոլների կամ «ինստիտուցիոնալիստ» նիկոլփաշինյանների հետ, ու կհամոզվեք ինքներդ։

Թող զարմանալի չթվա, բայց պետական կառավարման համակարգի վերին, միջին ու ստորին օղակներում հիմնականում նորմալ մարդիկ են, որոնք, սակայն, ամենավերևից ներդրված սխալ մոդելի ու հակապետական գաղափարախոսության պատճառով չեն կարողանում արդյունավետ աշխատել և օգուտ տալ պետությանը։ Արդյունքում՝ վերածվել են պետությունը խժռող գործիքի ու հանրության աչքի գրողի, ինչն իրենց էլ է նյարդայնացնում։

6. Հայաստանակենտրոն սուբյեկտներ

Որքան էլ Սերժ Սարգսյանը փորձում է հանրությանը համոզել, որ բոլորին գնել է, սակայն դա այդպես չէ։ Պետությունն այնպիսի օրգանիզմ է, որ առողջ հատվածներ միշտ էլ մնում են ու սկսում պայքարել հիվանդության դեմ։ Հայաստանը բառիս բուն իմաստով կվերանա, եթե հանկարծ այս իշխանության դեմ կռիվ տվող որևէ առողջ հատված չմնա։

Ճիշտ է, համատարած հաճախորդացման պայմաններում առողջ հատվածները քիչ են, ռեսուրսային առումով զիջում են իշխանություններին ու կազմակերպչակառուցվածքային հզոր տեսք չունեն, սակայն երբեք մի ասա երբեք։ Ասել է թե՝ պետք չէ հիասթափվել ու մտածել, որ այլևս ամեն ինչ կորած է։

Հայաստանակենտրոն սուբյկետները կլինեն այնքան ժամանակ, որքան որ կլինի ՀՀ–ն։ Իսկ թե երբ հաջողության կհասնեն, կախված է ամեն մեկիցս։

Գաղափար, թիմ, արժանապատվություն, կամք, ռեսուրսներ և աշխատանք. ահա՛ հաջողության բանաձևը։

Ինչպես հայտնի քաղաքական գործիչն էր ասում՝ երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք չպետք է հանձնվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը