Մեկնաբանություն

22.09.2015 10:30


Աբդուլլա Գյուլից մինչև Վարդան Պողոսյան

Աբդուլլա Գյուլից մինչև Վարդան Պողոսյան

Երբ նախաձեռնվեց «Ֆուտբոլային» դիվանագիտությունը, Հայաստանում «թուրքական օրեր» հայտարարվեցին։

Իշխանական քարոզչամեքենան տարածում էր, թե վերջապես գտնվել է Հայաստանի զարգացման բանալին, և վերջապես հայտնվել է մի գործիչ, ով պատմական դերակատարում է ունենալու։ Թե ինչ եղավ այդ ամենի արդյունքում, հիշեցնելու կարիք չկա։

Հիշեցնեմ միայն, որ «ընդդիմադիր» գործիչներն ու պալատական մտավորականները «հեղափոխական» այն օրերին Սերժ Սարգսյանին քծնում էին «չերեզ» Գյուլ։ Այսինքն՝ Թուրքիայի նախագահին էին քծնում, որպեսզի ցույց տան, թե ինչքան դրական են տրամադրված «ֆուտբոլի» նկատմամբ։ Այդպիսի կեղտոտ մթնոլորտ էր ստեղծվել։

Հիմա Գյուլին քծնելը նորաձև չէ, քանզի «նախաձեռնողականությունը» խայտառակ ձևով տապալվել է։ Համ էլ՝ հիմա ուրիշ «ֆուտբոլ» են խաղում հայ ժողովրդի գլխին։

Հիմա նորաձև է ԱԺ–ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ դարձած Վարդան Պողոսյանին քծնելը կամ գովելը։ Սա այն Վարդանն է, ով խորհրդարանում ներկայացնում է «սահմանադրական» հեղաշրջման տեքստը։

Նրանք, ովքեր ԱԺ–ում ընդդիմադիր են ներկայանում, բայց ոտքից գլուխ հաճախորդ են, փորձում են նոր Սահմանադրության մասին դրական արտահայտվել ու ՀՀԿ ղեկավարին իրենց «այո»–ն ասել «չերեզ» Վարդան Պողոսյան։

«Ինչ գրագետն եք Դուք», «Ինչ հանդուրժող եք ու խելացի», «Ինչ լավ եք ներկայացնում սահմանադրական տեքստը». մոտավորապես այսպիսի գնահատականներ են հնչում Վարդան Պողոսյանի հասցեին ԱԺ–ում և ԱԺ պատերից դուրս։ Այդպիսի գնահատական տվողներն այն հաճախորդներն են, ովքեր, ժանրի կանոններից ելնելով, չեն ուզում «պրյամոյ» քծնել Սերժին և «այո» ասել նրա ծրագրերին։ Ձևը գտել են Վարդանին գովելու մեջ։ Այն Վարդանին, ով դեմագոգիայի ու փարիսեցիության մարմնավորումն էր դարձել խորհրդարանական քննարկումների ժամանակ։

Ահա այսպիսի գաղջ բաներ։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը