Մեկնաբանություն

22.09.2015 17:25


Մարդակենտրոն բարեփոխման պատկերը

Մարդակենտրոն բարեփոխման պատկերը

Հայաստանում արդեն խաղի կանոնի է վերածվում այն, որ քաղաքական կոնկրետ գործընթացներից առաջ տեղի են ունենում բռնություններ։

Այսինքն՝ ոչ թե սպասում են՝ ձնագնդին մեծանա, հետո նոր անցնեն գործի, այլ «էս գլխից» են հարվածում։ Այսպես ասած՝ կանխարգելիչ ծեծի մեթոդն են ընտրել։

Ընդ որում՝ այդ բռնությունները միշտ շրջանցում են իշխանության ներկայացուցիչներին ու միշտ հանդիպում են իշխանական թիմից դուրս գտնվող մարդկանց։ Ուշագրավ է, այնպես չէ՞։

Մարտադաշտի վերածված քաղաքական դաշտը

Երբ դեռ ԲՀԿ–ն լուրջ գործոն էր, ուներ սեփական տեսակետը և իր քաղաքական գործընկերների հետ դեմ էր արտահայտվում սահմանադրական փոփոխություններին, սկսեցին ծեծել այն մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեին հակաիշխանական կոալիցիայի հետ։

Քստմնելի ձևով հարձակվեցին ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի և Ռազմիկ Պետրոսյանի վրա։ Այդ գործը գլուխ բերած փոխոստիկանապետ Երանոսյան Լյովան խրախուսվեց Բ26–ի կողմից։

Օրը ցերեկով գետնին տապալեցին և բազմաթիվ վնասվածքներ հասցրեցին լրագրող Սուրեն Սարգսյանին։

Սեփական բնակարանի բակում դեմքին հարված ստացավ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Իշխանությունները ՀՀԿ–ական պատգամավոր Սեյրան Սարոյանի շուրթերով հայտարարեցին, որ իրենք են արել, ու որ լավ են արել։ Մանուկյանին հարվածողը այժմ պաշտպանված է պետության կողմից ու արժանի պատասխանատվության չի ենթարկվել։

Նախորդ դարի 30-կանների գանգստերական ոճով Երևանի կենտրոնից առևանգվեց և դաժանաբար ծեծվեց միջին գործարարությամբ զբաղվող և տնտեսվարողների իրավունքների պաշտպանության համար պայքարող ԲՀԿ–ական Արտակ Խաչատրյանը։ Իշխանությունները խոստացան բացահայտել դեպքը, ու թեև ափաշքարա այդ հանցագործությունը բացահայտելն այնքան էլ բարդ չէր, սակայն գործը չբացահայտվեց։ Արտակն այժմ եվրոպական երկիր է մեկնել՝ այլևս Հայաստան չվերադառնալու մտադրությամբ։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանից հեռանում է երիտասարդ, աշխատող և լուսավոր ծրագրեր ունեցող մարդ, և սա արտագաղթողի միայն մեկ պատմություն է։

Դե հիմա պատկերացրեք, թե ինչպիսի պատմություններ ունեն վերջին տարիներին ավելի քան 300 հազար արտագաղթողները։ Նրանց պատմությունները լրահոսում չեն հայտնվել, բայց դրանից ընդհանուր պատկերը չի փոխվում։

Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ՝ բռնությունների շարքը դադարեցվեց, երբ Գագիկ Ծառուկյանը հայտնի իրադարձությունների ժամանակ հայտարարեց հետքայլի ու քաղաքականությունից դուրս գալու մասին։

Մարդակենտրոն Սահմանադրությանն ընդառաջ

Հիմա քաղաքական դաշտում գրեթե ամայի վիճակ է, ու այս պայմաններում կարծես իշխանությունները պետք է չվախենան հանրաքվեի տոկոս «խփելու» հարցում, բայց կրկին բռնություն է կիրառվում։ Այս անգամ զոհը ազատամարտիկ Սմբատ Հակոբյանն է։

Չենք կարող, բնականաբար, հարյուր տոկոսով պնդել, որ Սմբատի ծեծն ու առաջիկա հանրաքվեն իրար հետ կապ ունեն, բայց, ախր, ձեռագիրը նույնն է, և չափից շատ են համընկնումները։

Ինչո՞ւ է Հայաստանում բռնություն կիրառվում քաղաքական ակտիվ շրջաններին ընդառաջ։ Հարցս հռետորական է։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Շատ խորհրդանշական էր, որ երեկ համարյա միաժամանակ տեղի էին ունենում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծն ու հակաիշխանական բոլոր փողոցային միջոցառումների ժամանակ «դոշ» տվող ոստիկան Վալերի Օսիպյանի պարգևատրումը։

Ծեծը տեղի էր ունենում Երևանի փողոցներից մեկում, իսկ պարգևատրումը՝ Բաղրամյան 26–ի լուսավոր դահլիճներից մեկում։ Երկու արարողությունների ժամանակ էլ «եթերը» լցված էր վաստակավոր արտիստ Արմենչիկի կլկլոցներով։

Ա՛յ, եթե գործող Սահմանադրությունը չլիներ, ապա այս բռնությունները չէին լինի, իսկ եթե լինեին, ապա արագ կբացահայտվեին (դաշնակցական Հրանտ Մարգարյանին որ հարց տան, հենց այս ոճի մեջ կպատասխանի. քաղաքական կոմերցիայի կանոնն է դա)։

Եվ ուրեմն, առա՛ջ դեպի մարդակենտրոն նոր Սահմանադրություն։

Այս խորագրի վերջին նյութերը