Լրահոս

27.09.2010 15:21


Գագիկ Գինոսյան. «Այս երկրում Կոմիտասը ցուցադրվում է պետական այրերի մահվան ժամանակ»

Գագիկ Գինոսյան. «Այս երկրում Կոմիտասը ցուցադրվում է պետական այրերի մահվան ժամանակ»

«Կարին» ազգագրական համույթի ղեկավար, ազգագրագետ Գագիկ Գինոսյանը մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության տոնին նվիրված համերգին և նշել, թե այն ընդհանրապես չէր համապատասխանում այդ տոնին։

-Հազար անգամ ենք ասել, որ չի կարելի պարել այն երգի տակ, որը նվիրված է  Պարույր Սևակի մահվանը։ Նույնիսկ տգետ մարդն է հասկանում, որ  չի կարելի «Կյանքին նայեցի, անցա-գնացի» տողերի տակ գոռալ «հե՛յ» ու դեռ մի քանիսին էլ պարացնել։ Անդրեն դուրս  է գալիս  բեմ և հայտարարում, թե այս երգը նվիրում է հիվանդ և հաշմանդամ երեխաներին, երբ որ մոտ 40 տարի առաջ այն նվիրվել է Սևակի մահվանը։ Կամ դուրս  է գալիս մեկ ուրիշը, երգում «Էլ չենք լինի 20 տարեկան» և ասում, թե այդ երգը նվիրում է զոհված ազատամարտիկներին։ Ինչ-որ անհասկանալի բաներ էին կատարվում այդ օրը, և սա  կառավարական բոլոր օղակներով անցած ծրագիր էր, և ուղիղ եթերում ժամեր շարունակ ցուցադրվում էր։ Մեր անկախության տոնը երբեք չի դառնա ժողովրդական, քանի դա դեռ չի վերաբերում ժողովրդին,-ասել է նա։

Ըստ Գագիկ Գինոսյանի՝ այն մարդիկ, ովքեր «թրքախառը երգեր էին երգում անկախության տոնին, չեն հասկանում անկախության գինը»։

-Դա է պատճառը, որ մարդիկ են հայտնվում՝ Միշոն, Պժոն, Բկոն և այլ անհասկանալի անունավորներ, և հայտարարում են, թե Կոմիտասն իրենց համար «ռամկեք ա դնում,  և հերիք ա Կոմիտասին արծարծեք»։ Գիտեք ինչո՞ւ է այդպես՝ որովհետև այս երկրում Կոմիտասը ցուցադրվում է պետական այրերի մահվան ժամանակ, երբ որ սգո օր է հայտարարվում, իսկ այդ անհասկանալի անուններով տղաներին անընդհատ ցուցադրում են, և այդ տղան ձեռքը համապատասխան տեղը դրած ասում է. «Մենք էշ-էշ դուրս տվող, շատ կոմպլեքսավորված ազգ ենք, և ունենք ընդամենը մեկ պար»։ Ու ցացադրում են ինչ-որ անհասկանալի շարժումներ, որոնք երևի թե պար են, և տակն էլ գնում է մեկ այլ ռաբիս երգչի քթի մեջ կլկլացող «քոչարի, քչարի»-ն։ Մինչև սա պետականորեն չվերահսկվի ու չարգելվի անճաշակությունը, լավ չի լինի,-նշել է նա։

Գագիկ Գինոսյանը, սակայն, հույս է հայտնել, որ ամեն բան կկարգավորվի, քանի որ շատ արվեստագետներ կան, որոնք կամավոր փորձում են քայլեր անել մշակույթը պահպանելու ուղղությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը