Խմբագրական

23.09.2015 12:10


Նաիրի Հունանյանի վերադարձը

Նաիրի Հունանյանի վերադարձը

Գաղջ մթնոլորտ. Նաիրի Հունանյանը կրակեց Հայաստանի վրա

1999թ. հոկտեմբերի 27–ին տեղի ունեցած սպանությունները լուրջ հարված էին մեր պետությանը։

Անկախ այն բանից, թե ով ինչպիսի կարծիք ունի Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի ու մյուս սպանվածների գործունեության մասին՝ պետք է հստակ նշել, որ նմանատիպ ահաբեկչությունը Հայաստանի դեմ էր։ Դա ցույց տվեց, թե ինչ խոցելի է մեր պետությունը։

Եթե պետության բարձրաստիճան պաշտոնյաներին են կարողանում հեշտությամբ շարքից հանել, այն էլ՝ օրենսդիր իշխանության շենքում, ապա շարքային քաղաքացիների պաշտպանվածության մասին խոսք անգամ լինել չի կարող։

Վազգենի ու մյուսների սպանությունը տեղի ունեցավ գաղջ մթնոլորտում։ Այդ գաղջի մասին խոսել էր Վազգեն Սարգսյանը, կարծեմ, Կառավարության նիստի կամ իր հեռուստաելույթներից մեկի ժամանակ։

Թող զարմանալի չթվա՝ գաղջ մթնոլորտը, որի պայմաններում սպանվեց Վազգեն Սարգսյանը, հենց ինքն էր ստեղծել՝ 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ հայտարարելով, թե եթե ընդդիմությունը 100 տոկոս ձայն էլ հավաքեր, ապա, միևնույն է, իրենք իշխանությունը չէին տա։ Ճիշտ է, նա մի փոքր այլ ենթատեքստով ու այլ նախադասությունից հետո էր դա ասել, բայց հանրության մոտ տպավորվեց «Եթե 100 տոկոս ձայն էլ հավաքեիք, ապա, միևնույն է, չէինք տա»–ն։

Դրանից հետո Վազգենը դարձավ համազգային «բոբո»։ Ու երբ նա Կարեն Դեմիրճյանին քաղաքականապես «սեփականաշնորհեց» ու վերցրեց խորհրդարանի մեծամասնությունը, մարդկանցից շատերը մտահոգվեցին, որ «Եթե 100 տոկոս էլ հավաքեք, ապա ...»–ն հավերժ է լինելու, այսինքն՝ Հայաստանը վերածվելու է Դավալուի տնամերձ բոստանի։

Այն օրերին սրճարաններում, փողոցներում, քաղաքական շրջանակներում, այգիներում շատերն էին հնչեցնում «Մինչև Վազգենին չվերացնեն, էս երկրում բան չի փոխվի» ձևակերպումը։ Դա արդեն «Կարթագենը պետք է ընկնի»–ի պես մի բան էր դարձել (ի դեպ, սպանությունից հետո տեղի ունեցած հարցումներից մեկով պարզվել էր, որ ահագին մարդ դրական էր գնահատել այն)։

Արդյունքում՝ հայտնվեց Վազգենին վերացնողը՝ Նաիրի Հունանյանը՝ իր խմբով։ Նրանք Հայաստանում այն օրերին ձևավորված գաղջ մթնոլորտի և միջավայրի ծնունդն էին։

Նաիրին 88–ի շարժման երիտասարդ մասնակիցներից էր, ում կյանքը հետանկախական շրջանում, այլ պատճառներից զատ, չէր ստացվել նաև «Եթե 100 տոկոս ձայն էլ հավաքեք, ապա ...» մտածողությունը իշխանական բուրգի վերևից կյանքի կոչելու պատճառով։

Փառքի ձգտող, չափից դուրս բարձր ինքնագնահատական ունեցող և պարբերաբար ֆրուստրացիաներ ապրող Նաիրիին դրսևորվել էր պետք։ Իսկ նմանները շատ հեշտ կարող են հավաքագրվել բոլորի, այդ թվում՝ Հայաստանի թշնամի պետությունների կողմից։

Չի բացառվում, որ Նաիրին թուրքական հատուկ ծառայությունների կողմից էր հավաքագրվել կամ ուղղորդվել։ Նման բան կասկածելու համար ահագին հիմքեր կան։ Բայց խնդիրը տվյալ դեպքում ենթադրյալ հավաքագրման հարցում խորանալը չէ, այլ այն մթնոլորտը, որը Նաիրի Հունանյան է ծնում։ Չլիներ գաղջ մթնոլորտը՝ չէր լինի նաև Նաիրիի հանցագործությունը։

Գաղջ մթնոլորտ. Վահան Մարտիրոսյանը կրակեց Հայաստանի վրա

Օրերս յուրօրինակ ձևով նաիրիհունանյանություն արեց նաև Բաքվի կողմն անցած դավաճան Վահան Մարտիրոսյանը։

Նա էլ է Նաիրիի պես մեզանում ձևավորված գաղջ մթնոլորտի ծնունդ (գաղջի մասին խոսեց Սերժ Սարգսյանն ինքնաասուլիսի ժամանակ)։

Վահանն այն «քաղաքացիականներից» է, որոնց «պետպատվերով» «ռասկրուտկա են անում» Բաղրամյան 26–ին կցված «անկախ» լրատվամիջոցները, ինչպես նաև անձամբ Սերժ Սարգսյանը, ով սիրում է «քաղաքացիականներին» ու չի սիրում քաղաքական հարցերը քաղաքականացնող շրջանակներին, քանզի առաջինները կեղծ օրակարգ են հրամցնում հանրությանը՝ կոչ անելով պահանջել Պուտինի, Քոչարյանի ու մյուսների հրաժարականը՝ «Խեղճ ու բարի Սերժ Սարգսյանը հոգու խորքում արևմտամետ է և կրակն է ընկել չար մարդկանց (օլիգարխները, Պուտինը, Քոչարյանը և այլն) ձեռքը, հետևաբար պետք է օգտնել նրան, ու ոչինչ, որ նա տոկոս է «խփում», «զատո» մեզ վերջում տանելու է լուսապայծառ ԵՄ» դեմագոգիկ կոդի շրջանակներում։ Իսկ ահա քաղաքական մարդիկ «Գեբելսյան» քարոզչամեքենայի համար «քըխ» են, քանզի իրերն իրենց անվանումներով են կոչում ու փորձում են խնդիրները գլխից բռնել։

Ու բնական է, որ այս գաղջ մթնոլորտում Վահանը Բաքվից պետք է դաժան քննադատության ենթարկեր իր տեսակը ծնողին՝ Սերժ Սարգսյանին՝ ձեռքի հետ էլ հայրենիքի դավաճանության դիմաց բարեկեցություն փնտրելով։

Հարկ է արձանագրել, որ այն առուծախի մթնոլորտը, որ ձևավորվել է Հայաստանում, սպառնում է արդեն գաղջի պատվիրատուներին։

Վահանները «քաղաքացիական» կոդերով սկսել են կրակել ոչ միայն Սերժի ընդդիմախոսների, այլ նաև Սերժի վրա։ Արդյունքում՝ տուժում է Հայաստանը, քանզի անկախ այն բանից, թե ինչպիսին է մեր վերաբերմունքը ՀՀԿ ղեկավարի վարած ներքին ու արտաքին քաղաքականության հանդեպ՝ սարսափելի է, երբ քո ազգակիցն անցնում է թշնամուդ կողմն ու շանտղություն անում։

Սերժը Վազգենի պես դարձավ իր իսկ ստեղծած գաղջ մթնոլորտի զոհը։ Ալիևը վերասեփականաշնորհեց Սերժի երիտհաճախորդներից մեկին (մեկի՞ն) ու կրակում է Հայաստանի վրա։ Ու կապ չունի, որ կրակոցներն այս անգամ հնչել են խոսքերի միջոցով։ Դժվար է ասել, թե որն էր ավելի մեծ հարված Հայաստանին՝ Նաիրիի՞, թե՞ Վահանի արածը։

Ե՞րբ կվերանա գաղջ մթնոլորտը

Հարցի պատասխանը օդում կախված է։ Ամեն մեկս պետք է պայքարենք։ Ճիշտ է, ծախու այս միջավայրում մի քիչ դժվարացել է դա անելը, բայց, ամեն դեպքում, պետք է։

Մեկ բան հաստատ կարելի է պնդել՝ եթե այս կեղտոտ ու գաղջ մթնոլորտը պահպանվի («սահմանադրական» հեղաշրջումը հենց դրան է միտված), ապա վտանգվելու է մեր պետության գոյությունը։

Հանրությանն «ըննդիմադիր» կեցվածքով դավաճանողն ու Սերժին ծախվողը վաղը Ալիևին էլ կծախվի։ Ասել է թե՝ դավաճանների նախնական «մարտական մկրտությունը» Բ26–ն է ակամայից անցկացնում։ Դրանից հետո է Ալիևն անցնում գործի ու առնում վահաններին։

Եվ ուրեմն, «քոքից» պետք է վերացնել դավաճանությունը ծնողին, այսինքն՝ գաղջ մթնոլորտը։ Հենց մթնոլորտը փոխվեց, իրավիճակը կփոխվի, վահանները կվերանան, ու երկիրը կընկնի զարգացման հունի մեջ։

«Դինոզավրերին» պետք է վերացնել «կլիմայի» փոփոխությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը