Մեկնաբանություն

28.09.2015 09:00


Անձեր և «ինստիտուտներ»

Անձեր և «ինստիտուտներ»

Չգիտեմ՝ զուգադիպություն է, թե ոչ, բայց քաղաքական հաճախորդները շատ են սիրում «ինստիտուտ» բառը։ Կա՛մ դա պայմանավորված է այն բանով, որ ինստիտուտն այդպես էլ չեն ավարտել, ու բարդույթավորվել են, կա՛մ ավարտել են ինստիտուտը, բայց բան չեն հասկացել իրական ինստիտուտներից։

Հաճախորդաց բանակի համար «ալիբի» է դարձել «ինստիտուտ» բառի օգտագործումը։

Մեկն ասում է, թե քանի դեռ «ինստիտուցիոնալ ընդդիմություն» չենք սարքել (կաֆել–մետլախ չենք խփել, «պադ մայակ» գաջ չենք քաշել և այլն), պետք է թույլ տալ, որ հակառակ կողմն ինչ ուզում է՝ անի։ Մյուսն էլ՝ թե՝ անձերի դեմ չպետք է պայքարել, քանզի կարևորն ինստիտուտներն են։

Պետական ու քաղաքական ինստիտուտներն, անշո՛ւշտ կարևոր բաներ են, բայց քաղաքական ու այլ տիպի գործընթացները նաև անձնավորված բնույթ են կրում, հետաբար դեմագոգիա է սեփական հաճախորդությունն «ինստիտուտի» հետևում թաքցնելու փորձը։

Ասել, որ քանի դեռ ինստիտուցիոնալ հնարավորություն չկա (ի դեպ, դատելով ամենից՝ ասողն ակնհայտորեն չի հասկանում «ինստիտուցիոնալ» բառի բուն բովանդակությունը), պետք է մի կողմ քաշվել ու սպասել, առնվազն տարօրինակ է։ Դա նույնն է, որ թշնամին հարձակվի երկրիդ վրա, կամ հանցագործը փորձի մտնել տունդ ու թալանել քեզ, իսկ դու հայտարարես, թե քանի դեռ մենք մեր ուզած կանոնավոր բանակը չունենք, կամ քանի դեռ կարատե պարապած չենք, ապա պետք չէ դիմադրել, քանզի, միևնույն է, թշնամին «վերարտադրվելու է», այն է՝ հաղթելու է։

Տանդ վրա հարձակվողին ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսներով դիմադրություն ցույց չտալն էլ «ինստիտուցիոնալ» մոտեցում է, հատկապես երբ հայտարարես, թե պետք է թույլ տալ, որպեսզի նա թալանի, քանզի, միևնույն է, դիմադրության դեպքում էլ է թալանելու («միևնույն է՝ վերարտադրվելու է»)։

Նորաթուխ հաճախորդներից մեկն էլ է խոսում «ինստիտուտներից» ու դատապարտում անձերի դեմ պայքարը (բա հո չի՞ կարող իրեն կոորդինացնողների դեմ պայքարել)։

Այս թեմայով մի իրավիճակ ներկայացնենք։

Պատկերացնո՞ւմ եք՝ որևէ մեկը մարդ սպանի, և դրանից հետո բռնես ու հայտարարես, թե սպանության հարցը պետք չէ անձնավորել ու պետք չէ հանցագործին պատժել («մեր պայքարը անձերի դեմ չէ»), այլ պետք է հանցագործության «ինստիտուտի» հարցը դնել։

Սպանություններ ծնող միջավայրի հարցը, իհա՛րկե, պետք է արժանանա ուշադրության, և լուրջ քայլեր պետք է ձեռնարկել այն վերացնելու ուղղությամբ, բայց չի կարելի հակադրել կոնկրետ հանցագործին պատժելն ու հանցագործությունը ծնող միջավայրի վերացման ինստիտուցիոնալ մոտեցումները։ «Կա՛մ, կա՛մ»–ը տվյալ դեպքում էժանագին «տրյուկ» է։

Այնպես որ, մեր քաղաքական դաշտի «անկախագույն» և «թունդ ընդդիմադիր» դեմքերի «ինստիտուցիոնալ կռուտիտները» չեն անցնում։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Հաճախորդաց բանակում շատ են սիրում նաև հայտարարել, որ քանի որ հետանկախական շրջանում պայքարները օգուտ չեն տվել (իրականում դա սուտ է, քանզի բոլոր պայքարներն էլ որոշակի օգուտ տվել են ու որոշակի իրավիճակ փոխել են. այլ հարց է, որ փոփոխություններն ակնկալվող մասշտաբները չեն ունեցել), ուստի պետք է գնալ այլ ճանապարհով։ Թարսի պես էլ նմանատիպ հայտարարություններ անողները հայտնվում են գեղամյանական ճանապարհի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը