Լրահոս

27.09.2010 16:59


Պատմաբան. «Ես ՀԱԿ-ին ընդհանրապես ընդդիմություն չեմ համարում»

Գյումրիում որոշ քաղաքագետների շրջանում սկսել է այնպիսի կարծիք ձևավորվել, թե Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմությունը արդեն հեռացել է իր բուն նպատակից և անհասկանալի վայրիվերումների մեջ է: Քաղաքագետ Մհեր Աթյանի կարծիքով՝ ՀԱԿ-ի հիմնական բացթողումներից մեկն այն է, որ հստակ ծրագիր չունի և չգիտի՝ ինչ է ուզում, նախագահի աթոռից բացի։ «Ես այն կարծիքին եմ, որ ՀԱԿ- կողմից ներկայացված կոնկրետ, հստակ ծրագիր չկա, որ մենք իմանանք՝ եթե, ասենք, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և Լևոն Տեր-Պետրոսյանը նստեց, ապա նա ի՞նչ ծրագրեր ունի տնտեսական, քաղաքական, մշակույթի և կրթության բնագավռների հետ կապված: Նրանք պետք է հստակ ծրագիր ներկայացնեն ժողովրդին: Ես չեմ ընդունում նաև Լևոն Տեր-Պետրոսյանի այն քաղաքականությունը, որ մե՛կ կոշտացնում է, մե՛կ մեղմ է խոսում. հստակ պետք է ասվի, թե ինչ են անելու: Եթե ժողովուրդը պետք է ոտքի ելնի, ուրեմն ինչ-որ ծրագիր պետք է իմանա, այսինքն այդ հնարավոր փոփոխություններից հետո ինչ կշահի ժողովուրդը, եթե գնա ՀԱԿ-ի հետևից»-կարծիք է հայտնել Մհեր Աթյանը:

Քաղաքագետը նաև դժգոհ է ՀԱԿ-ի ունեցած կարգավիճակից՝ մասնավորապես նշելով. «Այնպիսի կարծիք է ձևավորվել, թե ընդդիմությունը ձևական բնույթ ունի, որ ցույց տանք, թե ժողովրդավարական պետություն ենք: Ընդդիմությունը չպետք է ասի՝ դուրս եկեք՝ մե՛նք նստենք, պետք է կոնկրետ ծրագիր ունենա»:

Իսկ պատմաբան Արշավիր Գասպարյանը «7օր»-ի հարցին, թե ինչպես է գնահատում ՀԱԿ-ի՝ որպես ընդդիմության, գործունեությունը, պատասխանել  է շատ կարճ. «Ես ՀԱԿ-ին ընդհանրապես ընդդիմություն չեմ համարում»։

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը