Մեկնաբանություն

26.09.2015 11:20


«Նախաձեռնողականության» ծանր գինը

«Նախաձեռնողականության» ծանր գինը

2008–ից հետո ներքին լեգիտիմության դեֆիցիտը լրացնելու նպատակով նախաձեռնվեց «Ֆուտբոլային» դիվանագիտությունը։ Սերժ Սարգսյանն իր ընդդիմախոսների ձեռքից խլեց նրանց գաղափարական դրոշակներից մեկն ու անցավ գործի։

Հայտարարվեց, որ հայ–թուրքական գործընթացը գին ունի, և Սարգսյանը պատրաստ է վճարել այդ գինը։ Թե ինչի մասին էր խոսքը, հետագայում պարզ դարձավ բոլորի համար։ Աճուրդի հանվեց Հայոց ցեղասպանության հարցը։

2013–ին վերարտադրվելու համար նախաձեռնվեց մեկ այլ գործընթաց՝ ԵՄ–ի հետ ասոցացումը։ Արևմուտքը խոստացավ աչք փակել տոկոսխփոցիի վրա, եթե պաշտոնական Երևանը համաձայնի Ուկրաինա դառնալ Կովկասում և հայտնվի հակառուսական գործիքի դերում։

Թե ինչ եղավ «ասոցացված» արկածախնդրության արդյունքում, գիտեն բոլորը. ՀՀ–ն հայտնվեց Մաքսային միությունում։ Սարգսյանը հայտարարեց, որ այդպիսի որոշման է գնացել հանուն ՀՀ և ԼՂՀ անվտանգության։ Այդ պահից սկսած՝ արդեն իսկ տեսանելի էր մեր երկրին սպառնացող վտանգը, քանզի ստորացված վիճակում արտաքին դաշնակիցներ ու ռազմաքաղաքական գործընկերներ հնարավոր չէ գտնել։

Սարգսյանի «արևմտամետությունը» բերեց այն բանին, որ Արևմուտքը սկսեց չհարգել մեզ, իսկ Ռուսաստանը՝ չվստահել։ Բացի այդ՝ Սարգսյանի «ասոցացվածությունը» նպաստեց, որպեսզի որակապես նոր մակարդակի ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատվեն Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև։

Հիմա Սարգսյանն ունի վերարտադրվելու և սեփական անվտանգությունն ապահովելու խնդիր։ Եվ դրան նա, ինչպես նախորդ դեպքերում, նույնպես ուզում է հասնել արտաքին դաշտում որոշակի նախաձեռնությունների գնով (օրերս նա հայտարարեց, որ անկախությունը գին ունի, և իրենք պետք է տան այդ գինը)։ Արդյունքում՝ վտանգի տակ են հայտնվել Ղարաբաղն ու Հայաստանի անկախությունն ընդհանրապես։

Մենք հիմա մտնում ենք դրամատիկ զարգացումների փուլ։ Ցավալին այն է, որ քաղաքական դաշտն իմունազրկվել է, այսինքն՝ ունակ չէ հակազդելու։ Մի մասի բերանում շունչ չկա, մյուսներն էլ ծախված են։ Հանրությունն էլ դավաճանված է բոլոր կողմերից։

Կանխատեսումներ չեմ ուզում անել. ինքնե՛րդ արեք։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը