Լրահոս

27.09.2010 17:20


Աստղագետ. «Յուպիտերի վրա տարօրինակ բաներ են կատարվում»

Անցած շաբաթ լրատվամիջոցները հաղորդեցին, որ Յուպիտերը անցնում է Երկրին ամենամոտ կետով՝ տիեզերական չափանիշներով շատ մոտ՝ «ընդամենը» 559 մլն կմ տարածության վրա, և նույնիսկ սեպտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը հնարավոր է սովորական հեռադիտակներով դիտել մոլորակի խոշոր արբանյակներից մի քանիսը։ Ու թեև աստղագետները սա շարքային երևույթ են համարում, այդուհանդերձ, շատերն են փորձել աստղադիտակով զննել հսկայական մոլորակը։ 

Պարզվում է՝ մարդկանց հետաքրքրությունը իզուր չէ՝ ինչպես «Вести.Ru»-ին պատմել է Շտերնբերգի անվան աստղագիտական համալսարանի աշխատակից Վլադիմիր Սուրդինը, Յուպիտերի վրա, իրոք, ինչ-որ հետաքրքիր բան է կատարվում։ Վերջերս մոլորակի վրա միանգամայն անսպասելի հանգել է մութ ամպերի գոտին, որը հարակից է հանրահայտ Մեծ Կարմիր բծին (Մեծ Կարմիր բիծը ամպերից կազմված գոյացություն է, որը անսովոր մեծ չափի ցիկլոն է հիշեցնում։ Այն այնքան հսկայական է, որ Երկրի չափսերի երեք մոլորակ կտեղավորի)։

Գիտնականը նշել է, որ Յուպիտերը, պատահում է, փոխում է իր արտաքին տեսքը, բայց այս դեպքում ընդամենը մի քանի ամսվա ընթացքում անհետացել է Երկրի չափերը 10 անգամ գերազանցող  հսկայական շերտը։ Հնարավոր է՝ այն ծածկված է առավել բարձր և լուսավոր ամպերով։ Սակայն այս տեղեկությունները աստղագետները դեռևս չեն կարողանում հաստատել։

«Սա, իհարկե, ցնցող է,-ասել է գիտնականը։-Սակայն դեռևս չի կարելի ասել, թե ինչ է տեղի ունեցել։ Այնտեղ հզոր մթնոլորտ կա, որ փոթորկվում է։ Ճիշտ է, առաջին անգամ է նկատվել, որ այդպիսի չափեր ունեցող ինչ-որ բան այդպես արագ անհետանար։ Այն ընդամենը մի քանի ամսում է անհետացել, և ոչ ոք չգիտի, թե այժմ որտեղ է... Շարունակելու ենք դիտարկել»։ Առավել հետաքրքրասերներին կայքը խորհուրդ է տալիս ծանոթանալ  
http://news.mail.ru/society/4496382/ զետեղված նյութին։

Այս խորագրի վերջին նյութերը