Մեկնաբանություն

01.10.2015 11:10


Ֆինիտա լա կոմեդիա

Ֆինիտա լա կոմեդիա

Ահա և վերջ։

«Տաշիր» ընկերությունը պաշտոնապես հաստատեց, որ դարձել է ՀԷՑ–ի գնորդը։

Այդ մասին գիտեին բոլորը, գիտեին շատ վաղուց, բայց առքուվաճառքի կողմերը «խունջիկ–մունջիկ» էին գալիս, իրենց հարսնացու աղջկա պես պահում, չմահավան փեսայի դերում հանդես գալիս, օֆշորներում թաքնվում, գին գցում, գին բարձրացնում, նախկին թալանը թաքցնելու ձևեր ման գալիս, ապագա թալանի շուրջ պայմանավորվում, հանրությանը «ֆռռացնում»։ Մի խոսքով, «շուստրիություն» էին անում։

«Արևմտամետ» և «ռուսամետ» թալանչիների անխախտ միասնությունը

Գործարքին նախորդող իրադարձությունները սերիալային բնույթ ունեին։ Սցենարն էժանագին էր, բայց դրա համար թանկ է վճարում ու վճարելու հայ ժողովուրդը։

2009–ից սկսած՝ ՀԷՑ–ը, իշխանությունների «բարեշրջիչ» հայացքի ներքո, սկսեց տոտալ ձևով թալանվել։ «Ատկատները», կեղծ «տենդերները», տարատեսակ «բարեգործական» հատկացումները, թանկ գնումները, աստղաբաշխական ծախսերը դարձան խաղի կանոն։

Բացի այդ, ՀԷՑ–ին պարտադրվեց թանկ գնով հոսանք գնել արտադրողներից, քանզի վերջիններս նույն պարտադրողներն էին։

Այդ ամենի համար, բնականաբար, ինչ–որ տեղից պետք է վճարվեր։ Բաղրամյան 26–ում որոշեցին, որ վճարողը պետք է լինի ՀՀ քաղաքացին։ Արդյունքում՝ էլեկտրաէներգիայի սակագինը պարբերաբար թանկացավ։ Սխեման նույնն էր՝ ՀԷՑ–ը դիմում է Նազարյան Ռոբերտի կամակատար հանձնաժողովին՝ հոսանքի գինը թանկացնելու պահանջով։ Հանձնաժողովն էլ իր հերթին «դիմադրում» է և բավարարում ՀԷՑ–ի պահանջը։ Բոլորը գոհ էին ու երջանիկ՝ բացի ՀՀ քաղաքացուց, որին թալանելու հանցավոր համաձայնություն էր կայացել։

Ու այդպես անընդհատ թանկացնում էին հոսանքի գինը, որպեսզի բավարարեն իշխանական նեղ խմբակի պահանջները, բայց պարզվեց, որ դա էլ չի հերիքում նրանց, քանզի ՀԷՑ–ին սարսափելի «կթու կով» էին դարձրել։ Տակից դուրս գալու համար, բացի ՀՀ քաղաքացուց, ՀԷՑ–ը սկսեց փող վերցնել նաև բանկերից՝ վարկի տեսքով։

Բանկերում գիտեին թալանի մասին ու վախենում էին վարկ տալ, բայց քանի որ Կառավարությունը տալիս էր պետական երաշխիք, ուստի մասնավոր բանկերը հանգիստ վարկավորում էին «պայթած» այդ կազմակերպությանը։

Եկավ մի պահ, երբ արդեն պարտքերի տակ սկսեց ճկռել ՀԷՑ–ը, և էներգետիկ համակարգը հայտնվեց փլուզման վտանգի առաջ, սակայն Բաղրամյան 26–ի ախորժակը չէր պակասել։

Ֆինանսական կոլապսը հաղթահարելու համար որոշվեց նոր տեր գտնել ՀԷՑ–ի համար, քանզի ռուսական կողմն այլևս հրաժարվում էր սպասարկել թալանը՝ «դալշե նեկուդա» թեմայով։

Իշխանությունները հարցը լուծելու համար սկսեցին բանակցել ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի՝ «Տաշիրի» ղեկավարի հետ, որպեսզի նա գնի ՀԷՑ–ը։

Կարապետյանը հենց որ ներսից ծանոթացավ թալանի չափերին, հրաժարվեց գործարքից՝ հասկացնելով, որ ՀԷՑ–ը կգնի միայն այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվի, քանզի այլ կերպ հնարավոր չէ ինչ–որ չափով փակել ֆինանսական ճեղքվածքը։

Իշխանություններին շատ էր պետք վաճառել ՀԷՑ–ն ու «սպիսատ անել» նախկին թալանի փողերը։ Նրանց նոր «կթու կով» էր պետք։

Ս. Կարապետյանը, ինչպես նշեցինք, դիմադրում էր։ Նա արդեն ուզում էր հրաժարվել գործարքից անգամ հոսանքի գնի թանկացումից հետո։

Իշխանություններին այլ բան չէր մնում, քան «Ո՛չ թալանին» կարգախոսի ներքո իրականացնել «Այո՛ թալանին, այո՛ թալանչիներին» ծրագիրը։ Այդ նպատակով կլոունադա կազմակերպվեց։

«Քաղաքացիական պայքարիստները» պահանջում էին Բիբինի, Պուտինի և էլի շատերի հրաժարականը, բայց «մոռանում» էին տալ ՀԷՑ–ի գլխավոր թալանչու անունը (հարկ է առանձնահատուկ նշել, որ հոսանքի գնի թանկացման պահով գրեթե բոլորն ազնիվ մղումներով էին դուրս եկել փողոց. «պայքարիստ» ասելով նկատի ունենք ներդրված ու արդեն բացահայտված երիտդիշովկեքին)։

Կլոունադայի միջոցով փորձ արվեց ՌԴ–ին ցույց տալ, որ հեսա Հայաստանում «Մայդան» է լինելու, և եթե Կրեմլը չճնշի Կարապետյանին ու չստիպի նրան գնել ՀԷՑ–ը, ապա «Էլեկտրիկ–Երևանը» կվերածվի «փիս–փիս» բաների (որոշակի փիս–փիս բաներ, իհարկե, եղան (ՀՀ իշխանությունների համար), ու մի պահ արդեն խիարը թարս էր բուսնում, ինչի պատճառով էլ իշխանությունները «Օպերա» օպերացիայի շրջանակներում ստիպված պայթեցրին երիտդհոլներին, բայց սա արդեն այլ պատմություն է)։

Սկզբում Կրեմլում մի փոքր կերան այդ «կուտը» ու սկսեցին իրենց մեդիայով հիստերիկություն անել, բայց շատ արագ հասկացան (հասկացնողներ եղան), որ հայկական «Մայդանը» բլեֆ է, բայց քանի որ Կրեմլում էլ Չուբայսի «Ինտեռ ՌԱՕ»–ի հետ հին հաշիվներ ունեին ու նաև ցանկանում էին ազատվել հայկական գլխացավանքից, ուստի դեմ չէին «ցանցերի» վաճառքին։ Դա էր պատճառը, որ ռուսները Կարապետյանին «խնդրեցին» գնել ՀԷՑ–ը։

Դրանից հետո մնում էր «հորով–մորով» անել հոսանքի գնի բարձրացման որոշումը։ Թեման ուսումնասիրողները, ինչպես որ Սերժ Սարգսյանն էր «կանխատեսել», պարզեցին, որ հոսանքի գնի բարձրացումը հիմնավորված էր։ Հենց «աուդիտորները» «հիմնավորեցին», Կարապետյանը օֆշորներից տուն եկավ ու հայտարարեց, որ ինքն է ՀԷՑ–ի գնորդը։

Սաղ հեչ, այս շոուի արդյունքում ահագին «խուրդվեց» «Ես Գասպարյան Վովան եմ» գոռացող Գասպարյան Վովան։ Դե, իսկ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը դարձավ միտինգավար, քանզի նրանից բացի՝ ուրիշ մարդ չէր խոսում Բաղրամյան փողոցը փակելու ժամանակ։

Երեք խնձոր

Այս կոմեդիայի վերջում վերևից երեք խնձոր ընկավ։ Երկուսը ՀԷՑ–ի առքուվաճառքի կողմերը կերան, իսկ երրորդն ընկավ հայ ժողովրդի գլխին՝ հոսանքի գնի թանկացման տեսքով։

«Բա ի՞նչ եղան «քաղաքացիական պայքարիստները»,– կհետաքրքրվի այս ամենից անտեղյակ ՀՀ քաղաքացին,– բա ինչո՞ւ հուժկու ձևով չեն գրավում զիբիլի ամանները»։

Միամիտ քաղաքացուն ասենք, որ նրանցից մեկը, ով «մասնագիտացել էր» գազի ուղղությամբ, հիմա Բաքվում է և հաչում է Հայաստանի դեմ։

Մյուսները շարունակում են «քաղաքացիական ակԾիվիստ» աշխատել՝ քաղաքական հարցերը չքաղաքականացնելու կոչեր հնչեցնելով։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը