Քաղաքական

18.11.2009 17:28


ՀՀ առաջին և երրորդ նախագահների միջև համագործակցությունն ի նպաստ երկրի է

ՀՀ առաջին և երրորդ նախագահների միջև համագործակցությունն ի նպաստ երկրի է

Մեկնաբանելով մամուլում տեղ գտած տեղեկատվությունը, որ Երևանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Վլադիմիր Կոստանյանը դատի է տվել նույն ընտրատարածքում առաջադրված Հմայակ Հովհաննիսյանին և նոյեմբերի 20-ի հանրահավաքի ժամանակ կպատռի նրա դիմակը՝ Հմայակ Հովհաննիսյանն ասել է.

-Կարող եք թուշս քաշել ու տեսնել, որ դիմակ չունեմ։

Նրա համար զարմանալի են այդ տվայտանքներն ու ցնցումները։ Նրա կարծիքով վերոնշյալ անձինք, դիմելով իշխանություններին, «ճվում և վնգստում են՝ возьми меня, возьми меня»։

Հմայակ Հովհաննիսյանն ասել է, որ եթե իրեն դատի տան, ինքը ոչ մի հակափաստարկ էլ չի ներկայացնելու, քանի որ այդ հայցն աբսուրդ է։ 

Նա նշել է, որ ժամանակին դերասան Կոստանյանի հովանավոր Տիգրան Ուրիխանյանն ինքն էր ցանկանում առաջադրվել՝ իր այդ ցանկությունը կապելով իշխանությունների «դաբրոյի» հետ։ Սակայն այդ «դաբրոն», ըստ Հ. Հովհաննիսյանի, տրվել է «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանին։

-Այսօր այն խարդավանքները, որոնք տեսնում ենք 10-րդ ընտրատարածքում, որոշակի և լուրջ միտումներ են արտացոլում քաղաքական դաշտում։ Դուք տեսա՞ք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, Ռոբերտ Քոչարյանի արձագանքը և մամուլի այն հրապարակումները, որոնք իրենց վրդովմունքն են արտահայտում, թե ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը թիրախ ընտրեց ոչ թե գործող նախագահին, այլ Ռոբերտ Քոչարյանին և Վարդան Օսկանյանին,- նշել է նա։

Այդ առումով, Հ. Հովհաննիսյանի կարծիքով, պատահական չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո, երբ նա համագործակցություն առաջարկեց, իշխանական թևի թեկնածուները չափազանց մտահոգվեցին, որ կարող է համագործակցության իրավիճակ ստեղծվել ՀՀ առաջին և երրորդ նախագահների միջև։ Այդ համագործակցությունը, նրա կարծիքով, ի նպաստ երկրի է.

-Եթե հնարավորություն է ստեղծվում, որ առաջին նախագահի և գործող նախագահի միջև համագործակցության մթնոլորտ ստեղծվի, ապա դա միայն ի նպաստ ժողովրդի և երկրի է, սակայն տարբեր կարգի մարդիկ, ովքեր չեն հասցրել տեղավորվել իշխանական կերակրատաշտի շուրջ, իրենց «քցված» են համարում, քանի որ այդ համագործակցության դեպքում Կոնգրեսը որոշակի մասնակցություն կունենա երկրի կառավարման գործին։

Հմայակ Հովհաննիսյանն ասել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը վարվել է որպես իմաստուն քաղաքական գործիչ, որպես պրագմատիզմի վարպետ։ Հաշվի առնելով իր և Վազգեն Մանուկյանի առճակատման փորձը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հասկացավ, որ եթե հիմա ևս այդպիսի առճակատում լինի, դրանից կարող են օգտվել «երրորդ ուժերը, հայտնի ուժերը, այն ուժերը, որոնք իշխանության ներսում սպասում են իրենց համար նպաստավոր պահի»։ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ նրա, մերժեց այդ ճանապարհը՝ այս ծանր ժամանակաշրջանի համար ցուցաբերելով պատասխանատու քաղաքական գործչի վարքագիծ։

-Հիմա ես հասկանում եմ, թե ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանը ողջ-առողջ գործում և խելոք ելույթներ ունենում՝ ի տարբերություն Գամսիախուրդիայի և Էլչիբեյի, որովհետև, ի վերջո, այս քաղաքական պրագմատիզմն ու փորձառությունը նրան հնարավորություն է տվել չարժանանալ հարևան պետությունների առաջին նախագահների ճակատագրին,- ընդգծել է Հ. Հովհաննիսյանը։ 

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը