Լրահոս

28.09.2010 12:21


Օպերատիվ բացահայտումներ. ապօրինի հանքավայր, ալրաղաց, ատամնաբուժարան և տոնավաճառ

 ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Հրազդանի բաժնի աշխատակիցներն օրերս ապօրինի ձեռնարկատիրության մի շարք դեպքեր են բացահայտել:

Իրականացված օպերատիվ-հետախուզական և վերահսկողական աշխատանքների արդյունքում հանքավայրի ապօրինի շահագործման և հանքաքարի վաճառքի դեպք է արձանագրվել:

Պարզ է դարձել, որ ապօրինի ձեռնարկատերը Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Նվեր Պետրոսյանն է, ով տվյալ գործունեությամբ □Աղվերանի մարմարի հանքավայր□-ում զբաղվել է շուրջ 45 օր ' առանց համապատասխան լիցենզիայի:

 Իրականացվել է ապօրինի գործունեության ստուգում. Ն.Պետրոսյանին առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը կասեցվել է մինչև համապատասխան լիցենզիա ստանալը:

Ապօրինի ձեռնարակտիրության մյուս դեպքն էլ արձանագրվել է Հրազդանի ՋԷԿ-ին կից տարածքում գործող ալրաղացում: Այդտեղ գտնվող արտադրամասում' առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառվելու, բնակիչ Գոռ Մկրտչյանն արտադրել է ալյուր և թեփ' հետագայում իրացնելով արտադրանքը: Օպերատիվ հետախուզության վարչության Հրազդանի բաժնի աշխատակիցները պարզել են, որ ալրաղացը հարկային դաշտից դուրս գործել է շուրջ 15 օր. այդ ժամանակահատվածում արդեն իսկ արտադրվել էր 16 տոննա ալյուր և թեփ: Ստուգման պահին արտադրամասում եղել է վեց աշխատակից:

Ալրաղացի գործունեությունը կասեցվել է' մինչև համապատասխան պետական գրանցում ստանալը:

Ապօրինի ձեռնարկատիրության հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:

Հրազդանում հայտնաբերված մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն էլ իրականացրել է քաղաքացի Անժելա Հովակիմյանը. Հրազդանի միկրոշրջան թաղամասում վերջինս շուրջ չորս ամիս առանց համապատասխան լիցենզիայի ատամնաբուժական և ատամի պրոթեզավորման ծառայություններ է մատուցել, այնինչ հարկային տեսչությունում Ա.Հովակիմյանն իր գործունեությունը գրանցել էր որպես մանրածախ առևտուր: Անհատ ձեռնարկատերը գործունեությունն իրականացրել է երկու վարձու աշխատողների' բժշկուհու և ատամնատեխնիկի միջոցով:

Պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է: Ապօրինի գործունեությունը կասեցվել է' մինչև համապատասխան լիցենզիա ստանալը:

Իսկ Օպերատիվ հետախուզության վարչության Սևանի բաժնի աշխատակիցները' իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ առանց պետական գրացման է գործում Ճամբարակի տոնավաճառը: Ապօրինի գործունեությունը ծավալել էր Ճամբարակի բնակիչ Մխիթար Սիմոնյանը. տոնավաճառը գործել է քաղաքի նախկին հանրախանութի առաջին հարկում' զբաղեցնելով 250քմ տարածք:

Տոնավաճառում առևտուրն իրականացրել են տարբեր շրջանների բնակիչներ' առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների:

Ապօրինի գործունեությունը կասեցվել է' մինչև համապատասխան գրանցում ստանալը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը