Լրահոս

28.09.2010 13:53


ՀԱԿ անդամը պնդում է, թե արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու

ՀԱԿ անդամը պնդում է, թե արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու

Հրավիրված մամուլի ասուլիսում Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը լրագրողներին հարց է տվել, թե երբ խոսում են ընտրական գործընթացների մասին, ի՞նչ նկատի ունեն՝ հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրություններ.

-Ես ընդհանրապես չեմ ուզում խոսել հերթական ընտրությունների մասին,-ասել է Լ. Սարգսյանը՝ պնդելով, թե լինելու են արտահերթ ընտրություններ։-Եթե երկու ամիս շուտ էլ անենք, դա հերթական չէ։

ՍԴՀԿ ատենապետն ասել է, թե արտահերթ ընտրություններն իրենց կարևորագույն խնդիրներից մեկն են. «Որովհետև պրակտիկան և մեր անկախ Հայաստանի 20-ամյա պատմությունը ցույց են տալիս, որ ընտրությունների միջոցով իշխանություն չի ձևավորվում»։

«7օր»-ի հարցին, թե 20-ամյա պատմություն ասելով՝ ինքը նկատի ունի նաև Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանություն եղած տարինե՞րը, տիկին Սարգսյանը պատասխանել է.

-Անկախությունից ի վեր ասելով՝ ես նկատի չունեի ամբողջ ժամանակաշրջանը։ Խոսենք 96թ.-ից հետո։

Լ. Սարգսյանը նշել է, թե ինքը հանդես չի գալիս որպես Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտպանը և ոչ էլ՝ նրա վարած նախկին քաղաքականության քննադատը.

-96-ի ընտրություններին ես չեմ մասնակցել և ընդհանրապես քաղաքականության մեջ չկայի։ Ինչ վերաբերում է 96-ի ընտրություններին, կա մի ընդհանուր կարծիք, որ այդ ընտրությունները ևս առանձնապես չէին փայլում իրենց թափանցիկությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը