Մեկնաբանություն

06.10.2015 11:26


«Բարի» իշխանությունն ու քաղաքականացված պայքարը

«Բարի» իշխանությունն ու քաղաքականացված պայքարը

Մի քանի տարի շարունակ Սերժ Սարգսյանի վրա ուզում էին կարել «բարի ձյաձյայի» իմիջը։ Նաև՝ արևմտամետի։ Համ էլ՝ հակաօլիգարխիստի։

Այդ ամենն, իհա՛րկե, մեծագույն բլեֆ էր, քանզի «վասնզի»։

Կային մի քանի «ոչխարներ», որոնք համարյա հավատացել էին այդ բլեֆին, բայց դրանք «Գեբելսյան» քարոզչամեքենայի զոհերն էին, այն զոհերը, որոնք ընկել էին վճարովի հաճախորդների ջրերը։

Հիմա այդպիսի «ոչխարներ» չկան, ովքեր կհավատան, որ ՀՀԿ ղեկավարը բարի է, արևմտամետ և հակաօլիգարխիստ։

Ուշագրավն այն է, որ ՀՀԿ ղեկավարն էլ այդպես մտածողների կարիքն այլևս չունի։ Ձևականության փուլն անցել է, և մենք հիմա մտնում ենք «սահմանադրական» հեղաշրջման փուլ։

Այս փուլում չի ողջունվում (դրանից առաջ էլ չի ողջունվել) քաղաքական պայքարը։ Խրախուսվում է միայն «քաղաքացիականը», այսինքն՝ անշառը, այսինքն՝ «Տարո՛ն ջան, սիրո՛ւն չի» վերջաբանով ավարտվող «պայքարը», այսինքն՝ «երկխոսությամբ» խուրդվող «ընդվզումը»։

Իշխանությունները չեն սիրում քաղաքականացնել քաղաքական հարցերը և շատ են սիրում իրենց բուծած բոլոր այն «քաղաքացիական ակԾիվիստներին», ովքեր պայքարում են ամեն ինչի դեմ՝ բացի գլխավորից։ Այդ տիպի «ակԾիվիստներից» մեկն օրերս հայտնվեց Բաքվում ու սկսեց աշխատել Հայաստանի դեմ՝ ձեռքի հետ հայհոյելով իր նախկին տերերին։

Եթե պայքարը «քաղաքացիական» է և ավարտվում է «Օպերա» օպերացիայով, ապա իշխանությունները դառնում են այնքան բարի, որ իրենց հիմնարկների աշխատողներին, շոուի բիզնեսի որոշ կապիկներին ու հաճախորդներին ուղարկում են «պայքարի» դաշտում կամ «կենդանաբանական պատում» «սելֆի» անելու։

Ոստիկանները «քաղաքացիական» պայքարի ժամանակ իրենց պահում են «պուպսիկի» պես, այսինքն՝ «բարի»։

Այլ է պատկերը քաղաքական պայքարի դեպքում։ Իշխանությունը միանգամից հանդես է գալիս իրական կերպարով։

Երեկ, օրինակ, «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը «Ո՛չ»–ի ճակատի համախոհներով երթ էր կազմակերպել դեպի ԱԺ։ Նրանք պաստառ էին կախել ԱԺ դարպասների վրա։ Պաստառն այնպես կատաղեցրեց ոստիկանությանը, ինչպես ցուլը կկատաղեր կարմիր լաթից։

Բաղրամյան փողոցը «պետպատվերով» փակողների հանդեպ բարի տրամադրված ոստիկանությունը երեկ մարդականց բերման էր ենթարկել՝ պատճառաբանելով, թե նրանք խաթարել են երթևեկությունը։ Փաստորե՛ն։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե երբ են իշխանությունները հանդես գալիս իրական դեմքով, իսկ երբ՝ «բարի»։

Պատրանքներ, հետևաբար, պետք չէ ունենալ։ Սարգսյանի համար «սահմանադրական» հեղաշրջումը կենաց–մահու խնդիր է, և նա ձևականությունների ժամանակ ու հավես չունի։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Ի տարբերություն «քաղաքացիական» ակցիաների, երեկվանը քաղաքական էր ու բնական էր, որ Երևանի փոխոստիկանապետ Օսիպյանը չէր դառնալու «բարձրախոսով միտինգ կառավարողը»։ Նրա ձայնը չէր լսվում երեկ։ Հնչում էր հավաքի կազմակերպիչների ձայնը և մարդիկ լսում էին քաղաքական տեքստ՝ շատ նորմալ վանկարկումների ներքո։

Զգացե՛ք տարբերությունը։

Լուսանկարը՝ Անի Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը