Լրահոս

28.09.2010 15:07


Նվարդ Մանասյան. «Կառավարությունը փոխեց մարտավարությունը, բայց ռազմավարության մեջ ոչ մի փոփոխություն չկա»

Նվարդ Մանասյան. «Կառավարությունը փոխեց մարտավարությունը, բայց ռազմավարության մեջ ոչ մի փոփոխություն չկա»

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե երեկ անցկացված խորհրդարանական լսումներից պարզ է դարձել, որ կառավարությունը, հանդիպելով «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթի հանդեպ հասարակության ընդվզմանը, որոշել է ձևական զիջումների գնալ։

-Նրանք ասում են, թե եթե դուք բողոքում եք, ապա մենք «Լեզվի մասին» օրենքին ձեռք չենք տա, և այդ ամենը կտեղափոխենք մեկ այլ՝ «Հանրակրթության մասին»  օրենք։ Հարգելի՛ հայրենակիցներ, մեր շարժման անունն է «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը», այլ ոչ թե՝ «Մենք դե՛մ ենք «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ անելուն»։ Մենք գտնում ենք, որ հայ երեխան Հայաստանում պետք է սովորի իր ազգային հայկական դպրոցում,  և մենք  դեմ ենք, որ Հայաստանում բացվեն օտարալեզու դպրոցներ, ու այդ մերժումը բացարձակ է։ Մեզ համար բացարձակապես մեկ է, թե դա կարվի «Լեզվի՞ մասին» օրենքով, «Հանրակրթությա՞ն մասին» օրենքով, «Մեղվաբուծությա՞ն մասին» օրենքով, «Առողջապահությա՞ն մասին» օրենքով, վարչապետի հրամանագրո՞վ, թե՞ նախագահի անձնական խոստումով։ Բացարձակապես բոլոր տարբերակաները մեզ համար անընդունելի են,-ասել է նա։

Նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ՝ Նվարդ Մանասյանն էլ բոլորին զգոնության կոչ է արել։

-Մենք նոր փուլ ենք թևակոխել, որովհետև մեր կառավարությունը հանրության, մտավորականության մտահոգվածության հետևանքով բարձրացրած բողոքի ալիքի ներքո, փաստորեն, փոխեց մարտավարությունը, բայց ռազմավարության մեջ ոչ մի փոփոխություն  չկա, և սա է վտանգավորը։ Այսինքն այս մարտավարությամբ, երբ «Լեզվի մասին» օրենքը չենք փոխում, ապա գործընթացը անցնում է գաղտնի, թաքնված փուլ։ Հիմա «Հանրակրթության մասին» նոր օրինագծում կառաջադրվեն  նոր սահմանումներ, որոնք հնարավորություն կստեղծեն աստիճանաբար մեծացնել օտարալեզու կրթության բովանադակության  ծավալները,-նշել է նա։

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամները վաստահեցրել են, որ իրենց խումբը չի ցրվելու և շարունակելու է իր պայքարը՝ ոչ միայն դեմ հանդես գալով օտարալեզու կրթությանը, այլ նաև կրթական մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ ծրագրեր է առաջադրելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը