Լրահոս

29.09.2010 09:33


«Օլիմպ» ԱԿ-ը երկու հայց ունի Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում

Այս տարվա մարտի 10-ին բռնի կերպով դադարեցվեց «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին պատկանող  «Միլանո» խանութի գործունեությունը։ «Միլանո» խանութին պատկանող տարածքը վերցվեց այսպես կոչված «հասարակության և պետության կարիքների համար» և փոխանցվեց կառուցապատողին՝  «Ավո ՖՄՀ» ՍՊԸ-ին։ Նշենք, որ այս ամենը դեռևս չի ստացել օրինական ձևակերպում և տվյալ գույքը կադաստրի պետական կոմիտեում  գրանցված է «Օլիմպ» ԱԿ-ի անունով, սակայն «Օլիմպ» ԱԿ-ը  արդեն յոթ ամիս է վտարված է օրենքով իրեն պատկանող տարածքից և գործունեությունը շարունակելու հնարավորությունից։

«Ավո ՖՄՀ» ՍՊ ընկերության տնօրեն Ավետիս Կարագուլյանը հրաժարվեց համարժեք փոխհատուցում տալ  «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին և Հովհաննես Ղուկասյանին տվյալ տարածքում իրենց ունեցած սեփականության դիմաց։ Փոխարենը՝ առաջարկեց գումար, ինչը չնչին մաս է կազմում է տվյալ գույքի շուկայական արժեքի։ Սակայն այս դեպքում էլ սեփականատերը չի կարողանում ստանալ փոխհատուցվող գումարը, ինչը ըստ ՀՀ սահմանադրության պետք է տրվեր նախապես առանց որևէ արգելքի։ Ցանկանում եմ նշել, որ մենք երբևէ չենք խոչընդոտել իրականացվող կառուցապատումը, հաշվի առնելով թեև վիճելի բայց հանրային գերակա շահի առկայությունը, սակայն կառուցապատողը չի առաջարկել որևէ փոխհատուցում որը գոնե մոտ կլինի տվյալ գույքի շուկայական արժեքին։

Լրատվական դաշտը բազմիցս անդրադարձել է տեղի ունեցած անօրինություններին, որոնք սկսվեցին օտարման օրվանից և շարունակվում են մինչև այսօր։  «Օլիմպ» արտադրական կոոպերատիվը այս ընթացքում փորձում էր իր խնդիրները լուծել դատական համակարգի միջոցով, սակայն ապարդյուն։ «Օլիմպ» ԱԿ-ը   տարբեր իրավախախտումների գծով տասնյակ դատական հայցեր էր ներկայացրել ՀՀ քաղաքացիան դատարան, ՀՀ Վարչական դատարան՝ բողոքարկելով ինչպես վտարման, անշարժ և շարժական գույքի բռնազավթման, այնպես էլ ԴԱՀԿ ծառայության անօրինական և բարբարոս գործողությունները։ Այս գործում առկա իրավախախտումները աննախադեպ են և բազմաթիվ, որոնց մասին էլ տեղյակ ենք պահել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանպետին, Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն ոչ մի պատասխան չենք ստացել։ Այժմ «Օլիմպ» ԱԿ-ը խնդիրներ ունի ոչ միայն տարածքի վերադարձի այլև հարկային և մաքսային մարմինների հետ։

Վերոնշյալ անօրինականությունների չափերն ու շարունակականությունը մեզ հիմք է տալիս մտածելու, որ  Ավետիս Կարագուլյանը ունի իշխանությունների անմիջական ու բացարձակ երաշխիքները, որոնք ապացուցվում են նաև նրա տարբեր ելույթներով։

Այսօր «Միլանո» խանութը կես տարուց ավել է զրկված է բնականոն գործունեության հնարավորությունից, կրում է հսկայական նյութական և բարոյական վնասներ, ունենալով մոտ 1000 մք տարածք ստիպված է վարձակալությամբ շարունակել իր գործունեությունը։

«Օլիմպ» ԱԿ-ը արդեն երկու հայց ունի Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում, որոնք ունենալով ամուր իրավական հենք շատ մեծ նյութական պատասխանատվության են ենթարկելու Հայաստանի Հանրապետությանը։

Այս խորագրի վերջին նյութերը