Մեկնաբանություն

13.10.2015 09:54


Օբամայի «օդային» հարվածներն «արևմտամետներին»

Օբամայի «օդային» հարվածներն «արևմտամետներին»

Հայաստանյան «արևմտամետները» մարմնով Բ26–ի հետ են, բայց հոգով ու սրտով՝ ԱՄՆ–ի ու ԵՄ–ի (համենայնդեպս, այդպես են ցույց տալիս)։

Սրանց «պապան» Բարաք Օբաման է։ Եթե ԱՄՆ նախագահը մի բան է ասում, ուրեմն դա օրենք է, ավելին՝ աստվածաշնչյան ճշմարտություն (նույնը կարելի է ասել «ռուսամետների» մասով. սրանց «պապան» էլ Պուտինն է)։

«Արևմտամետների» գործն էլ գործ չէ։ Պետք է ծառայեն Սերժ Սարգսյանին, բայց այնպես դա անեն, որ հանկարծ «պալիտ չլինեն»։

Մինչև ԵՄ հետ ասոցացման գործընթացի ձախողումն «արևմտամետները» Սերժին պաշտպանում էին «Սերժը վատն է, բայց «զատո» մեզ տանում է դեպի լուսապայծառ ԵՄ» բլեֆի օգնությամբ. «արևմտամետության» բիզնեսն այդ օրերին ծաղկում էր։

Հիմա այդ բլեֆը չի ստացվի, և դրա համար էլ նույն շրջանակները հորինել են «Մեր պայքարն անձերի դեմ չէ» բանաձևը, որպեսզի «հիմնավորեն», թե ինչու են «թունդ ընդդիմադիր» ներկայանում ու, միևնույն ժամանակ, չեն պայքարում ՀՀԿ ղեկավարին իշխանությունից հեռացնելու համար։

«Մեր պայքարն անձերի դեմ չէ» բանաձևով սրանք նաև ուզում են ժամանակակից երևալ՝ փորձելով ապացուցել, որ Արևմուտքում վաղուց անձերի դեմ պայքարից հրաժարավել են։ Բայց, արի ու տես, որ «արևմտամետների» «պապա» հանդիսացող Օբաման քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրն է դարձրել անձի դեմ պայքարը։ Խոսքս Բաշար Ասադի դեմ պայքարի մասին է։

Ժողովրդավարության առաջամարտիկ համարվող ԱՄՆ նախագահ Օբաման պատրաստ է անգամ «Ալ Քաիդայի» հետ համագործակցել ու աչք փակել «Իսլամական պետության» գազանությունների վրա, միայն թե Ասադը հեռացվի իշխանությունից։

«Իսլամիստների ու մյուս ահաբեկիչների օգնությամբ Ասադին հեռացնենք, հետո կմտածենք, թե ինչ անել այդ նույն ահաբեկիչների հետ»,– ցինիկաբար ու ախմախաբար մտածում են Արևմուտքում ու լծվում անձի դեմ պայքարի գործին։ Ահա այսպիսի մազալու բաներ։

Եվ այսպես, մինչ Պուտինն օդային հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքում, Օբաման ակամայից «օդային» ռմբակոծության է ենթարկում մեր տնաբույծ «արևմտամետներին»՝ պայթեցնելով «Չի կարելի անձերի դեմ պայքարել» փուչիկը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը