Մեկնաբանություն

14.10.2015 00:05


Նիկոլի «կրուտիտները» շարունակվում են

Նիկոլի «կրուտիտները» շարունակվում են

Իշխանություններն արդեն սկսել են «սահմանադրական» հեղաշրջման քարոզը։ Մարտի են նետվել բոլոր «մաստի» հաճախորդները։

Ուշագրավն այն է, որ բուն ՀՀԿ–ականներին «մեյդան» չեն հանում։ Քարոզը տանում են «խուրդված» դաշնակցականների, դավիթշահնազարյանատիպ դեմքերի և «թունդ ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանի միջոցով։

Վերջինս ուրույն առաքելություն ունի։ Նրա խնդիրն «ընդդիմադիր» դիրքերից հանրությանը համոզելն է, որ Սերժ Սարգսյանն անպարտելի է հավիտյանս հավիտենից։

Ճիշտ է, Նիկոլն ասում է, որ իրենք կստեղծեն «ինստիտուցիոնալ ընդդիմություն» և դրանից հետո կհաղթեն ՀՀԿ ղեկավարին, բայց չի նշում, թե երբ է դա տեղի ունենալու, ինչը «հավերժական հաճախորդություն» անելու հնարավորություն է տալիս նրան։

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ համարելու տեխնոլոգիային, ապա Նիկոլն ու իր փոքրաթիվ թիմակիցները խճճվել են իրենց ձևակերպումներում։

Մի կողմից հայտարարում են, որ սահմանադրական փոփոխություններով Սերժը փորձում է վերարտադրվել, բայց մյուս կողմից էլ այն համարում են կեղծ օրակարգ՝ հընթացս Սերժին համեմատելով Նապոլեոնի հետ։

Մի կողմից Նիկոլն ԱԺ–ում դեմ է քվեարկում սահմանադրական փոփոխություններին, որպեսզի պահպանի իր «թունդ ընդդիմադիր» իմիջը, բայց մյուս կողմից ինքն ու իր կողմնակիցները իշխանական մամուլի միջոցներով հայտարարում են, որ չեն մասնակցելու «ոչ»–ի ապահովման համար մղվող պայքարին, մինչդեռ եթե «դեմ» ես քվեարկում խորհրդարանում, ապա քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ պետք է տեր կանգնես քվեարկությանդ՝ կոնկրետ պայքար մղելով։

Նիկոլենց պահվածքն այնքան արհեստական է, որ պարզապես ծիծաղդ գալիս է։ Սրանք ասում են՝ նոր Սահմանադրությամբ Սերժը փորձում է վերարտադրվել, բայց նաև ասում են, թե գործող Սահմանադրությամբ էլ կարող էր Սերժը վերարտադրվել, հետևաբար դա կեղծ օրակարգ է։

Փաստորեն, սրանք իրենց պաշտպանյալին մեղադրում են մազոխիզմի մեջ (բա Խաչատուր Սուքիասյանը ձեզ չի՞ ասել, որ Սաշիկի եղբորը «կպնել» չի կարելի)։ Այսինքն՝ ստացվում է, որ Սերժը կարող էր գործող Սահմանադրությամբ վերարտադրվել, բայց որոշել է տանջվել, գնալ խուճուճ ճանապարհով ու այնպես վերարտադրվել, որպեսզի ոչ ոք գլխի չընկնի, թե ինչն ինչոց է։ Սակայն «շուստրի» Նիկոլը հեռվից է «ջոկել» Սերժի «մազոխիստական բլեֆն» ու որոշել է չմասնակցել, այպես կոչված, կեղծ օրակարգին՝ ամեն կերպ քարոզելով, որ, «միևնույն է, նա վերարտադրվելու է»։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Թե քանի հոգու Նիկոլը կկարողանա համոզել, որ ինքն «ինստիտուցիոնալ ընդդիմադիր» է, այլ ոչ թե «ինստիտուցիոնալ հաճախորդ», թողնենք Ահարոն Ադիբեկյանի «սոցհարցումներին»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը