Լրահոս

29.09.2010 12:23


Ն. Փաշինյանը հայտարարել է, որ իր նկատմամբ ֆիզիկական բռնություն չի գործադրվել

2010 թվականի սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, ժամը 00.20-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման հարցերով պատասխանատուին է զանգահարել «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանը և հայտնել, որ իրենց ունեցած տեղեկություններով ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի կյանքին վտանգ է սպառնում: Խնդրել է Պաշտպանի անհապաղ միջամտությունը:

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը մեկնել է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկ և ժամը 02.20-ից մինչև 03.10 զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ: Ն. Փաշինյանին առաջարկվել է զրուցել մեկուսի, սակայն վերջինս պնդել է, որ հանդիպումն  անցկացվի հիմնարկի ղեկավարի ներկայությամբ:

Հանդիպման ընթացքում Ն. Փաշինյանը հայտարարել է, որ իր նկատմամբ ֆիզիկական բռնություն չի գործադրվել, ինչպես նաև որևէ մեկի կողմից իր կյանքին վտանգ  սպառնացող գործողություն կամ հայտարարություն չի կատարվել, սակայն չի բացառել, որ դա տեսականորեն հնարավոր է: Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաև, որ ինքը չի խնդրել որևէ մեկին, որպեսզի զանգահարեն Մարդու իրավունքների պաշտպանին և նման հայտարարություն անեն:

Զրույցի ընթացքում Ն. Փաշինյանի կողմից բարձրացվել են մի շարք խնդիրներ՝ կապված քրեակատարողական հիմնարկի պահման պայմանների և վարչակազմի ապօրինի գործողությունների վերաբերյալ: Վերջինիս առաջարկվել է ասվածը հիմնավորող տեղեկություններով գրավոր դիմել Պաշտպանին: Ն. Փաշինյանը չբացառելով ներկայացված առաջարկը, հայտնել է, որ դրանց մասին առավել մանրամասն կանդրադառնա ԶԼՄ-ներում հրապարակվելիք իր հետագա հոդվածներում:

Հանդիպման վերջում ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ղեկավար Լ. Բաղդասարյանը հայտարարել է, որ ինքը պատասխանատու է ցանկացած դատապարտյալի՝ այդ թվում նաև Ն. Փաշինյանի անվտանգության համար:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի

                                                                               տեղեկատվության և հասարակայնության

                                                                                                                     հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը