Մեկնաբանություն

19.10.2015 10:47


Ինչու և ինչպես է Բ26–ը քարոզչական պատերազմ մղում Արա Աբրահամյանի դեմ

Ինչու և ինչպես է Բ26–ը քարոզչական պատերազմ մղում Արա Աբրահամյանի դեմ

Ինչու

Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով՝ խնդիր դրվեց ներդնել պետական կառավարման այնպիսի մոդել, որի պայմաններում իշխանության բոլոր ճյուղերը պետք է պատերազմեն իրար դեմ (խոսքը զսպումների և հակակշիռների ժողովրդավարական մեխանիզմների մասին չէ) և հնարավորություն տան խորհրդարանական կայուն մեծամասնությանը տիրապետող ուժի ղեկավարին իրավարարի դեր ստանձնել։

«Զրո պատասխանատվություն և լիքը ստվերային իշխանություն «գենսեկի» համար». ահա՛ այն կարգախոսը, որը դրված է նոր Սահմանադրության հիմքում։

Գործող Սահմանադրության վերացմամբ՝ նաև խնդիր է դրվել հաղթահարել 50րդ հոդվածի այն խոչընդոտը, ըստ որի՝ նույն անձը չի կարող երեք անգամ անընդմեջ զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը։ Հիմա ուզում են այնպես անել, որ ոչ միայն երեք անգամ անընդմեջ, այլև ցմահ իշխելու հնարավորություն ստեղծվի «մարդակենտրոն» անձի համար։

Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ՝ Սերժ Սարգսյանին հաջողվեց անապատացնել քաղաքական դաշտը. մեծ մասը դարձավ հաճախորդ՝ կտրուկ վերանայելով իր տեսակետները սահմանադրական փոփոխությունների մասով։

Թվում էր, թե փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո Բաղրամյան 26–ում այլևս հանգիստ կարող էին կանխավայելել խորհրդարանական կայուն մեծամասնությունն իրենց անձնական շահերին ծառայեցնելու հեռանկարը, սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ։

Առաջացած քաղաքական վակուումը լցնելու պոտենցյալ ունեցող սուբյեկտներ կան, որոնք իշխող նեղ խմբի անհանգստության պատճառն են դառնում։

Եթե անգամ սահմանադրական հանրաքվեի տոկոսները «խփվեն», ապա ամեն ինչ անամպ չի լինելու իշխանությունների համար 2017ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Նախ՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարեց, որ ոչ մի բան չի խանգարում երկրորդ նախագահին՝ մասնակցելու ԱԺ գալիք ընտրություններին և իր գլխավորած ցուցակով վերցնելու իշխանությունը։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին խոսեց նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Պատահական չէ, որ հենց այս երկու գործիչների հանդեպ Սերժ Սարգսյանի շահերը սպասարկող «Գեբելսյան» քարոզչամեքենան հիստերիկ պահվածք է ցուցաբերում։

Եթե Ռ. Քոչարյանի դեմ քարոզչական աշխատանքը Բ26–ն իրականացրել է 2008ից սկսած, ապա Աբրահամյանի թեման վերջերս է բացվել։ Վերջինիս պահով պատճառը պարզ է՝ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանն ունի ինքնուրույն որոշումներ կայացնելու ռեսուրսային բազա, ոչ մի ձևով ներգրավված չի եղել ընտրակեղծարար համակարգում, ունի հսկայական արտաքին կապեր, ֆինանսապես անկախ է գործող իշխանություններից և հանրության շրջանում ընկալվում է որպես «Պուտինի մարդ»։

Աբրահամյանի ահա այս քաղաքական «ֆիշկաներն» են, որ հունից հանել են ՀՀԿ ղեկավարին ու իր նեղ շրջապատին և դրդել անգամ կեղտոտ տեխնոլոգիաների կիրառման, որոնք սակայն հակառակ արդյունքն են տալիս։

Ինչպես

«Գեբելսյան» քարոզչամեքենայի հիմնական թիրախները Ռոբերտ Քոչարյանն ու Արա Աբրահամյանն են։ Դա տեսանելի է անգամ անզեն աչքերով։

ՀՀ երկրորդ նախագահի դեմ կիրառվող տեխնոլոգիաները հայտնի են ու գրեթե զրոյական արդյունք են տալիս։ Համապատասխան աշխատանքի դեպքում դրանք ամբողջությամբ կչեզոքանան և կսկսեն աշխատել «սև» տեխնոլոգիաները կիրառողների դեմ։ Բ26ին չեն օգնի անգամ բազմակի օգտագործման հաճախորդների ծղրտոցները, ժամկետանց գործիչների հուսահատ քայլերը, ինչպես նաև պատանդի կարգավիճակ ունեցող որոշ ՀՀԿ–ականների վայրահաչոցները։

Ինչ վերաբերում է Արա Աբրահամյանին, ապա նրա դեմ Բ26–ը կիրառում է հետևյալ քարոզչահնարքը՝ հաճախորդ լրատվամիջոցներին երկու հակառակ շրջաբերականներ են իջեցվել։ Մի մասին հանձնարարել են գրել, թե, իբր, Արա Աբրահամյանն ամբողջությամբ գտնվում է Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ և վերջինիս «դաբրոյով» է գործում, ասել է թե՝ ՌՀՄ նախագահը իշխանությունների խաղն է խաղում։ Մյուսներին էլ հանձնարարել են գրել, թե շուտով Արա Աբրահամյանին Սերժ Սարգսյանը քաղաքական գործընթացներից հայտնի տարբերակով դուրս կթողնի, ասել է թե՝ Արա Աբրահամյանն ամենևին էլ չի սպասարկում Սարգսյանի շահերը։

Եթե ի մի բերենք այս երկու շրջաբերականները, ապա ստացվում է, որ Արա Աբրահամյանը Սերժ Սարգսյանի «դաբրոյով» է մտնելու ընտրապայքարի մեջ, և, միևնույն ժամանակ, ՌՀՄ նախագահն այնքան անցանկալի գործիչ է ՀՀԿ ղեկավարի համար, որ շուտով նրա դեմ հարձակումներ են սկսվելու։ Այս իրարամերժ տեսակետները տարածելով՝ Բ26–ը փորձում է «մուտիլովկայական» դաշտ ստեղծել, բայց դե, «Գեբելսյան» քարոզչամեքենայի հիստերիկ պահվածքով մատնում է ինքն իրեն և ցույց տալիս, թե ինչն ինչոց է։

Ակնհայտ է մեկ բան՝ Արա Աբրահամյանն ունի հրաշալի հնարավորություն՝ քաղաքական դաշտում լուրջ ակտոր դառնալու համար։ Կկարողանա՞ ճիշտ օգտագործել այդ հնարավորությունը՝ կերևա առաջիկա ամիսների ընթացքում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը