Մեկնաբանություն

22.10.2015 09:25


Բարոյական հաղթանակ–2

Բարոյական հաղթանակ–2

Վերջին մի քանի օրվա ընթացքում իշխանություններն ու նրանց կցված «քաղաքացիականները» բարոյական հաղթանակներ տարան։

Նախ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշեց, որ չի կարելի սահմանափակել թուրք ազգայնական Փերինչեքի արտահայտվելու իրավունքը։ Իշխանական քարոզչամեքենան դա ներկայացրեց որպես հայկական կողմի բարոյական հաղթանակ, իսկ բուն պարտվող հռչակեց շվեյցարական դատական համակարգին։

Հիշեցնենք, որ Փերինչեքը Հայոց ցեղասպանությունը որակել էր որպես «միջազգային կեղծիք»։

Մյուս բարոյական հաղթանակը ՀԷՑ–ի տնօրեն Բիբինի հեռացումն էր։ Նոր սեփականատերը նրա փոխարեն մեկ այլ մարդու է նշանակել։

Եթե հիշում եք, «հեղափոխական» այն օրերին «թունդ քաղաքացիականները» հոսանքի գնի թանկացման համար պահանջում էին Բիբինի հրաժարականը՝ մոռանալով, որ իրական «Բիբինը», այսինքն՝ հոսանքի գինը թանկացնողն ու այդ թանկացումից օգտվողը, լրիվ այլ տեղ է աշխատում ու լրիվ այլ մարդ է՝ ազգությամբ հայ։

Քաղաքական հարցը չքաղականացնել սիրող զանգվածը, սակայն, չէր ուզում շեղվել իր «քաղաքացիական» ուղուց և պահանջում էր չար Բիբինի հրաժարականը։

Բիբինն այժմ հեռացել է, և ի՞նչ։ Հոսանքի գինն իջա՞վ, թալանը կա՞նգ է առել, ծառայությունների որակը բարելավվե՞լ է։

Նման հարցերը, բնականաբար, «քաղաքացիականներին» չեն հետաքրքրում, քանզի կարևորը Բիբինի հեռացումն էր. ջհանդամ, թե հոսանքի գնի փոփոխություն չեղավ, և պետպատվերով «աուդիտն» էլ հաստատեց, որ դեռ մի բան էլ ՀԷՑ–ն ու Նազարյան Ռոբերտի գլխավորած ձրիակեր հանձնաժողովը մարդասիրական մոտեցում են ցուցաբերել՝ շատ ավելի մեծ չափով չավելացնելով էլեկտրաէներգիայի սակագինը։

Ահա այսպիսի հուժկու բարոյական հաղթանակներ։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը