Լրահոս

29.09.2010 15:19


«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» տուգանվեց 5 մլն դրամով

Այսօր, սեպտեմբերի 29-ի նիստում ՀՀ ՏՄՊՊՀ-ը որոշում կայացրեց «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  օրենքի մի շարք խախտումների համար:

Դրանցից մի քանիսը վերաբերում է ընկերության արտադրության տարբեր տեսակի հավկիթների վրա պարտադիր մակնշման բացակայությանը, որն օրենքով որակվում է իբրեւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորում:

Հիշեցնենք, որ, ի թիվս ձու արտադրող 4 այլ տնտեսվարողների, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» նույն խախտումը կատարելու համար արդեն իսկ մեկ անգամ պատասխանատվության ենթարկվել է հանձնաժողովի հուլիսի 28-ին կայացրած որոշմամբ' ստանալով որոշումն ուժի մտնելուց 20-օրյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարություն:

Օգոստոսի 30-ին, ժամեկտը լրանալուց 10 օր անց, Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հանձնարարությամբ, երեւանյան խոշոր առեւտրի կետերում (6 սուպերմարքեթներում) դարձյալ դիտարկումներ են կատարվել, որոնց արդյունքում պարզվել է , որ բոլոր ձու արտադրողներն արդեն վերացրել են խախտումը, բացառությամբ'  «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի»:

Այն  մասին, որ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» արտադրության հավկիթները վաճառվում են առանց մակնշման, Հանձնաժողովին ահազանգել են նաեւ «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը եւ իրենք' սպառողները' զանգահարելով ՏՄՊՊՀ «Թեժ գիծ» հեռախոսահամարին:

 Հաշվի առնելով այդ իրողությունները'Հանձնաժողովն այսօր որոշեց Ընկերության արտադրած, առանց պատշաճ մակնշման հավկիթների յուրաքանչյուր տեսակի համար կիրառել տուգանք 500 000 դրամի չափով:

 Նշենք, որ Հանձնաժողովի որոշումները վերաբերում են ընկերության արտադրած «Յոդացված», «Գյուղական», «Մանկական», «Էլիտար», «Եգիպտացորենի հավկիթներ», 6 հատ պարունակությամբ «Հավկիթ դիետիկ» եւ «Դիետիկ հավկիթ» անվանումով ու երեսուն հատ պարունակությամբ տարաներով իրացվող հավկիթների տեսակներին:


Ի դեպ, ընդունելով կատարված խախտումները' Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մանասե Եփրեմյանը նիստի ընթացքում հայտարարեց, որ ներկայացված տեսակներն ,ըստ էության, միմյանցից տարբերվում են միայն անվանումներով, դրանով, փաստորեն, հաստատելով սպառողներին մոլորեցնելու դիտավորության վերաբերյալ Հանձնաժողովի կասկածները:

 Այսպես, օրինակ, ֆաբրիկայի ներկայացուցչի խոսքով, հավկիթը «դիետիկ» է համարվում միայն արտադրվելուց հետո առաջին 7 օրը, իսկ դրանից հետո այն դառնում է արդեն սովորական սեղանի հավկիթ, իսկ «եգիպտացորենի» հավկիթը, ասենք, «գյուղականից» տարբերվում է միայն անվանումով:

Եվս 500 000 դրամ տուգանք Հանձնաժողովը որոշեց կիրառել նաեւ վարույթի ընթացքում, Հանձնաժողովի որոշմամբ, Ընկերությունից պահանջված տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար:

 Մեկ այլ որոշմամբ էլ ՏՄՊՊՀ-ը «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ 1 մլն դրամի չափով պատասխանատվության միջոց կիրառեց նաեւ իր կայացրած որոշումը սահմանված ժամկետում չկատարելու համար:

 Արդյունքում Հանձնաժողովի 29.09.2010 որոշումներով «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ կիրառված տուգանքի ընդհանուր գումարը կազմեց 5 մլն դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը