Լրահոս

22.10.2015 17:58


Վարդան Օսկանյան. «Կնշանակի, որ անցել ենք ոչ թե խորհրդարանական, այլ միակուսակցական, մենաշնորհային կառավարման համակարգի»

Վարդան Օսկանյան. «Կնշանակի, որ անցել ենք ոչ թե խորհրդարանական, այլ միակուսակցական, մենաշնորհային կառավարման համակարգի»

Մի պահ վերանալով սահմանադրական փոփոխությունների հետին նպատակների, օրինականության և նպատակահարմարության հարցերից և մնալով զուտ բովանդակային հարթության մեջ՝ կարելի է հաստատել, որ դեկտեմբերի 6-ին հայ ժողովրդի առջև դրվում է մեկ հիմնական հարց՝ մնալ այսօրվա գործող կիսանախագահական համակարգո՞ւմ, թե՞ անցնել ամբողջական խորհրդարանական համակարգի:

Դժբախտաբար առաջարկված սահմանադրությունում խորհրդարանական համակարգը բնորոշող հիմնարար դրույթը՝ հոդված 89-ը, այնպիսի անորոշ և հեղհեղուկ ձևակերպում է ստացել, որ խորհրդարանական համակարգի անցնելու կամ չանցնելու մասին մենք կարող ենք իմանալ հանրաքվեից հետո սպասվող ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո:

Այլ կերպ ասած, խորհրդարանական համակարգի անցնելու կարևորագույն այս հարցը փաստորեն որոշում է ոչ թե ժողովուրդը, այլ այսօրվա խորհրդարանական մեծամասնությունը:

Օրինակ, ապագայում ընդունվող ընտրական օրենսգիրքը կարող է արձանագրել, որ «եթե խորհրդարանական ընտրության արդյունքում որևէ կուսակցություն կամ դաշինք կայուն մեծամասնություն չի հավաքում, ապա առաջին տեղը գրաված կուսակցությանը կամ դաշինքին իրավունք է տրվում երկու շաբաթվա ընթացքում ձևավորել կոալիցիա՝ հակառակ դեպքում անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին երկու տեղերը գրաված կուսակցությունները կամ դաշինքները»: Դա կնշանակի, որ մենք փաստորեն անցել ենք ոչ թե խորհրդարանական, այլ միակուսակցական, մենաշնորհային կառավարման համակարգի:

Ոչինչ չի խանգարում, որ այսօրվա քաղաքական մեծամասնությունը նման դրույթ ամրագրի հետագայում ընդունվող ընտրական օրենսգրքում: Մինչդեռ իրական խորհրդարանական համակարգ կլինի այն դեպքում, երբ հենց սահմանադրության տեքստում ամրագրվի, որ եթե առաջին տեղը գրաված ուժը չի կարողանում նախատեսված ժամկետում կոալիցիա ձևավորել, այդ իրավունքը տրվում է երկրորդ տեղը գրավածին, ապա երրորդ տեղը գրաված քաղաքական ուժին, իսկ այս բոլորի անհաջողության դեպքում արդեն անցկացվում են խորհրդարանական նոր ընտրություններ, որոնց մասնակցում են բոլորը:

Ահա սա է խորհրդարանական համակարգի տառն ու ոգին, որը բացակայում է առաջարկվող սահմանադրության տեքստում:

Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը