Մեկնաբանություն

23.10.2015 13:45


«Ե՛վ, և՛»–ային շրջագայություններ

«Ե՛վ, և՛»–ային շրջագայություններ

Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները պատրաստելուց ազատ ժամանակ մեկնում է Ռուսաստան, ԱՄՆ, Իսպանիա և այլ երկրներ։

Նրա արտասահմանյան այցերին տրվում է պաշտոնական տեսք։ «Զվարթնոց» օդակայան գնալիս ու գալիս փակվում են համապատասխան փողոցները, ոստիկանները անհանգիստ գոռգոռում են վարորդների վրա ու բացում ՀՀԿ նախագահի ավտոշարասյան ճանապարհը, մի խոսքով՝ «շուխուր» է առաջանում, ու բոլորն իմանում են, որ Սերժ Սարգսյանը մեկնում է արտերկիր, կամ որ արդեն գալիս է։

Սարգսյանի մեկնելու և ժամանելու մասին բոլորն իմանում են, բայց այդպես էլ անհայտ է մնում, թե ինչ պետական խնդիրներ են լուծվում այդ այցերի ժամանակ։

Դե, իսկ անհայտ են մնում Սերժ Սարգսյանի այցերի արդյունքներն այն պարզ պատճառով, որ դրանք պարզապես չկան։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ հայտնի են դառնում այցերի բացասական արդյունքները։ Ասել է թե՝ Սարգսյանի այցերը կարելի է բաժանել երկու խմբի՝ 1. Հայաստանի համար ոչ նպաստավոր տնտեսական ու քաղաքական արդյունքներով այցեր և 2. Հայաստանի համար ոչ նպաստավոր տնտեսական արդյունքներով այցեր։

Առաջին խմբին կարելի է դասել բոլոր այն այցերը, որոնք տեղի էին ունենում «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության շրջանակներում։ Հայաստանն այդ ամենի հետևանքով դարձավ Ֆուտբոլի գնդակ և հայտնվեց Կրեմլի «պադվալում»։

Երկրորդ խմբին են պատկանում բոլոր այն այցերը, որոնք Սերժ Սարգսյանն իրականացնում է որպես զբոսաշրջիկ։ Իհարկե, ՀՀԿ ղեկավարի իրավունքն է զբոսաշրջիկի կարգավիճակով այցելել ԱՄՆ, Իսպանիա և այլ վայրեր, բայց խնդիրն այն է, որ դա արվում է պետական բյուջեի կամ ստվերային ծախսարարների հաշվին, ինչը չի կարող տնտեսապես չվնասել ՀՀ–ին։

Փաստորեն, ստացվում է, որ Սարգսյանը տանը մնալիս սկսում է Սահմանադրությունը «բզբզել», իսկ դուրս գնալիս՝ մեր ֆինանսական ռեսուրսները քամուն տալ։ Երկու դեպքում էլ տուժողը Հայաստանն է ու ՀՀ քաղաքացին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը