Մեկնաբանություն

23.10.2015 16:35


«Սահմանադրական» հեղաշրջում՝ հանուն «ՎաԾիկանի» և Բրազիլիայի

«Սահմանադրական» հեղաշրջում՝ հանուն «ՎաԾիկանի» և Բրազիլիայի

Ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում՝ կլիենտը հուզվում է, կլիենտը նյարդայնանում է։

Սերժ Սարգսյանին (ըստ որոշ տեղեկությունների՝ Բրազիլիայի ֆինանսաբանկային համակարգի սիրահար) ու իր փեսային («ՎաԾիկան» ՍՊԸ «նախագահ») ամեն անգամ թվում է, թե իրենք մոտեցել են «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու իրենց վաղեմի երազանքին, բայց ամեն անգամ մի բան խանգարում է ու հունից հանում նրանց։

Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո Բ26–ում համոզված էին, որ կարողացել են անապատի վերածել քաղաքական դաշտը՝ մի մասին դարձնելով մարգինալներ, իսկ մեկ այլ մասին էլ՝ քաղաքական հաճախորդներ։ Եվ, իրոք, այդպես էլ կա։ Այդ հարցում «Վերջի բոլշևիկը» և ստի ու կեղծիքի ստեղծման և տարածման «արտադրամասի» պետ Միքայել Մինասյանը շատ մեծ ջանքեր են ներդնում։ Արդյունքները տեսանելի են։

Բայց որքան էլ ջանքեր ներդրվեն, միևնույն է, դիմադրության պոտենցյալ ու այլընտրանքային հնարավորություն միշտ էլ կա, և դա է, որ Հայաստանը դեռևս չի դարձնում միջինասիական բարքերով մահմեդականատիպ երկիր։

Իշխանական նեղ խմբակին հունից հանում է Ռոբերտ Քոչարյանի գործոնը։ Վերջինս անգամ իր լռությամբ կարող է դառնալ սրանց հոգեխանգարմունքի պատճառ։

Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն ու իր երիտգվարդիան բոլոր ձեռնասուն լրատվամիջոցներով (որոնք հիմնականում կյանքը պատկերացնում են խոտածածկ հանդերում, որպեսզի որոճան) վայրահաչում են երկրորդ նախագահի դեմ։ Այդ գործում ներգրավված են նաև հին ու նոր գեղամյանները։ Բայց դե, շունը հաչում է, քարավանը՝ գնում։

Դատելով փեսայական մամուլի հիստերիկ պահվածքից՝ Սարգսյանին հունից հանում և հուզմունքի պատճառ է դառնում նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Նա մեկ–երկու հայտարարություն է արել ու խառնել բոլոր խաղաքարտերը։

Աբրահամյանը դեռ կազմակերպչա–կառուցվածքային տեսք չի տվել իր մտադրություններին, բայց արդեն ոռնոցներ են լսվում աջից ու ձախից։ «Արևմտամետները» նրան մեղադրում են ռուսական նախագիծ լինելու համար, իսկ «ռուսամետները»՝ «Մայդանի» փորձ անելու։ Իրականությունն այն է, որ և՛ «արևմտամետները», և՛ «ռուսամետները» կառավարվում են մեկ կենտրոնից և ցույց տալիս, թե ինչպիսի հոգեվիճակ է Սերժ Սարգսյանի մոտ։

Արայի պահով մյուս հարցն այն է, որ այլևս Սերժը հնարավորություն չի ունենալու ռուսական շրջանակների վրա բազմաբնույթ «մուտիլովկաներ» աշխատացնել ու ներքին հարցերին արտաքին փաթեթավորում տալ։

Ահա այս և մի քանի այլ հանգամանքների պատճառով է, որ Արա Աբրահամյանի դեմ տոտալ հակաքարոզչություն է սկսվել։

Ի դեպ, սերժենք իրենց վարքագծով ցույց են տալիս, որ անհանգստացած են Քոչարյանի ու Աբրահամյանի համագործակցության հնարավորությունից։ Անգամ տեսական մակարդակի քննարկումները սրանց համար դառնում են մղձավանջի պատճառ։ Ինչևէ։

Թե ինչպիսին կլինեն գործնական քաղաքական զարգացումները, կերևա առաջիկայում. Քոչարյանն իր գրասենյակի ղեկավարի շուրթերով հայտարարել է, որ կարող է առաջիկայում ցուցակ գլխավորել և վերցնել իշխանությունը, իսկ Աբրահամյանը պլանավորում է ակտիվացնել քաղաքական իր մասնակցությունը հաջորդ տարվա գարնանից։

Ինչ մնում է սերժենց, ապա սրանք, չկարողանալով մնալ քաղաքական հարթության մեջ, փորձում են տարատեսակ շիզոլինիների միջոցով անձնական վիրավորանքներ հասցնել (փաստարկի սովն ու ասելիքի բացակայությունն այլ բան չեն էլ ենթադրում) ու քաղաքական խնդիրներն իջեցնել իրենց մակարդակին։ Սակայն մենք չենք իջնի այդքան ցածր՝ շատ լավ իմանալով, որ այդ վիրավորանքներն անմիջապես վերահասցեագրվում են դրանք օգտագործողների տերերին։

Մենք հասկանում ենք, որ «Գեբելսյան» քարոզչամեքենան «պետպատվերով» է ոռնում ու հաճախ նաև՝ մայում, բայց մենք մեղավոր չենք դրա համար։

Հանուն «ՎաԾիկանի» մեր երկիրը տնամերձ բոստանի վերածողները մեղավորությունը թող իրենց մեջ փնտրեն։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանի այսօրվա թիմակիցներից մեկը ժամանակին մի էժանագին գիրք էր հրատարակել ու մեջն էլ գրել. «Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Հայաստանի ամենավարկաբեկված պաշտոնյան է»։

Մեր ընթերցողներին առաջարկում ենք կռահել, թե ով այդպիսի բաներ գրած կլինի։

«Էս գլխից» հուշենք, որ խոսքը Արտաշես Գեղամյանի մասին չէ։ Ճիշտ է, նա էլ է համանման բան ասել ՀՀԿ ներկայիս ղեկավարի մասին, բայց տվյալ դեպքում Գեղամյանը «տուտ նի պրիչոմ»։

Այս խորագրի վերջին նյութերը