Մեկնաբանություն

26.10.2015 00:11


Վենետիկի վկաները

Վենետիկի վկաները

Անգամ ՀՀԿ–ականները չեն թաքցնում, որ սահմանադրական փոփոխություններն արվում են իշխանությունը մեկ անձի ձեռքում պահելու նպատակով։ Այդ մասին որոշ մանրամասներ ներկայացրեց Դավիթ Հարությունյանը։

Բոլորն էլ հասկանում են, որ նոր Սահմանադրությունը բնութագրելու համար օգտագործվող «մարդակենտրոն», «ժողովրդավարական» և նմանատիպ այլ բառերը ձևի համար են։ Հասկանում են, բայց իրենց հանրապետականի տեղ են դնում կամ էլ ՀՅԴ–ականի (վերջին «վարիանտ»՝ Նիկոլ Փաշինյանի)։

Դրսում էլ են հասկանում, թե ինչն ինչոց է, և ինչ է կատարվում Հայաստանում։

Ռուսաստանն առանձնապես չի միջամտում «սահմանադրական» գործընթացին։ Համենայնդեպս, ուղղակի ու հրապարակային միջամտությունների դեպքեր չեն արձանագրվել։

Ինչ մնում է Արևմուտքին, ապա այն խաղի մեջ է ակտիվորեն ներգրավվել, այսպես կոչված, Վենետիկի հանձնաժողովի միջոցով։

Օրերս այդ հանձնաժողովի նիստում միաձայն հաստատվել են սահմանադրական փոփոխությունների նախագծի 1-7 եւ 10 գլուխների վերաբերյալ նախնական եզրակացությունը, 8, 9 եւ 11-16 գլուխների վերաբերյալ երկրորդ նախնական եզրակացությունը։

Վենետիկի հանձնաժողովի այլազգի փորձագետները չեն ապրելու այդպիսի Սահմանադրությամբ կառավարվող երկրում, դրա համար էլ միաձայն կողմ են քվեարկել։ Իրենց ի՞նչ. թող հայ ժողովուրդը մտածի։

Վենետիկի հանձնաժողովին եթե վաղը լրիվ այլ փիլիսոփայությամբ սահմանադրական փոփոխությունների տեքստ տաս, դա էլ միաձայն դրական կգնահատեն։ Այդ հանձնաժողովի բնույթն է այդպիսին։

Այստեղ մեկ այլ հանգամանքի վրա արժե ուշադրություն դարձնել։ Իրենց արևմտամետ և համատեղությամբ ընդդիմադիր դիրքավորողների ծպտունը չի լսվում Վենետիկի հանձնաժողովի պահով։

Վենետիկի վկաները գառների պես լուռ են ու կուրծք չեն ծեծում, թե բա՝ օտար կազմակերպությունն ո՞ւմ շունն է, որ մի բան էլ միջամտի մեր ներքին կյանքին ու հնարավորություն տա իշխանություններին հայտարարել, թե տեսեք՝ «Վենետիկը» մեզ «5» է նշանակում, և ուրեմն, մենք առաջադեմ ենք։

Պատկերացնո՞ւմ եք, որ հանկարծ ռուսական կամ եվրասիական որևէ հանձնաժողով քննարկեր առաջարկվող սահմանադրական փոփոխությունները և եզրակություն տար։ Տնաբույծ «արևմտամետիստները», որոնք նաև «ինքնիշխանիստներ» են աշխատում, անմիջապես իրենց կպատռեին, թե բա՝ հասե՜ք, Պուտինն ու ԵՏՄ–ն մխրճվում են ներհայաստանյան կյանքի մեջ ու իշխանություններին «դաբրո» տալիս։

Հարցն այն չէ, որ ՌԴ–ն իրավունք ունի միջամտել մեր ներքին կյանքին, իսկ Արևմուտքը՝ ոչ, կամ հակառակը։ Երկուսն էլ իրավունք չունեն, բայց հայաստանյան իշխանություններն այնպիսի «նախաձեռնողական» քաղաքականություն են վարում, որ ով ասես ինչ ասես կարող է դրսից անել Հայաստանի հետ։ Դե, իսկ մեր ներսի «արևմտամետ» և «ռուսամետ» էժանագին քարոզիչները պատրաստ են ՀՀ–ն մանրադրամ սարքել։ Վենետիկի վկաներն ու ռուսական վասալները, հետևաբար, իրար արժեն։

Հայաստանը հայաստանակենտրոն ուժերի միջոցով միայն կարող է դուրս գալ այս վիճակից։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը