Մեկնաբանություն

27.10.2015 12:15


«Այո»–ի և «Ոչ»–ի հիմնական տարբերությունը

«Այո»–ի և «Ոչ»–ի հիմնական տարբերությունը

Սահմանադրական փոփոխությունների հետ կապված՝ ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ պարզ է։ Այն կազմակերպվում է միանձնյա իշխանություն ձևավորելու, իսկ եթե չստացվի, ապա քաոսային կառավարման համակարգ ներդնելու համար, որպեսզի հնարավոր լինի խուսափել իրավական ինչ–ինչ գործընթացներից։

Հիմնական օրենքի 50–րդ հոդվածը սկսելու էր գործել 2018–ից, և այդ իսկ պատճառով հիմա փոխվում է մայր օրենքը, որպեսզի շրջանցվի այն նորմը, ըստ որի՝ նույն անձը չի կարող երեք անգամ անընդմեջ հանրապետության նախագահ լինել։

Փաստացի, տեղի է ունենում Սահմանադրության վերացում՝ նոր Սահմանադրության ընդունման միջոցով։ Այսինքն՝ փոփոխությունների նպատակը ոչ թե գործող համակարգի բարելավումն է (ինչպես որ տեղի ունեցավ 2005թ–ին), այլ նոր համակարգի ներդրումը՝ «Սահմանադրությունը ես եմ» թեմայով։

Գործող Սահմանադրության վերացման հարցում կա երկու տեսակետ՝ «Այո» և «Ոչ» (այսպես կոչված՝ «երրորդ» տեսակետ հայտնողները Նիկոլ Փաշինյանի նման «այո»–ի քարոզիչներ են, բայց՝ «շուստրիավարի»)։

«Ո՛չ» է ասում գրեթե ողջ հանրությունը։ Անգամ իրար տանել չկարողացողներն ու գաղափարական տարբեր հատվածներում գտնվողներն այս հարցում համակարծիք են։

«Այո»–ի կողմնակիցներ են ՀՀԿ ղեկավարը, իր նեղ շրջապատը և ՀՅԴ վերնախավը։ Վերջինս կարծում է, որ նոր Սահմանադրության շրջանակներում «հայրենասիրական» առևտուրն ավելի լավ ու «լեգիտիմ» կստացվի։ Հաճախորդությանը տրվում է «ինստիտուցիոնալ» և «օրենսդրական» տեսք, ինչը չի կարող չուրախացնել Հրանտ Մարգարյանին ու նրան ենթարկվող մի քանի «սկզբունքայինների»։

Կան նաև ֆորմալ «Այո»–ականներ, որոնք կցվել են ՀՀԿ–ին և ունեն ֆոնային դերակատարում։

«Այո» և «ոչ» ասողների հիմնական տարբերությունն այն է, որ առաջինները որպես «փաստարկ» օգտագործում են ոչինչ չասող և դեմագոգիկ ձևակերպումներ («մարդակենտրոն», «անանձնական», «առաջադեմ» և այլն), իսկ ահա «ոչ» ասողների հիմնավորումներն առարկայական են։

Այն, որ հանրությունը «ոչ» է ասելու հանրաքվեի ժամանակ, կասկած չկա։ Հարցն այն է, թե արդյոք հնարավոր կլինի՞ պահել հանրության ձայները, իսկ եթե կեղծիքն ամրագրվի ԿԸՀ–ի կողմից (առանց կեղծիքի՝ «այո»–ն բացառվում է), ապա արդյոք հնարավոր կլինի՞ դրանից հետո ալիք բարձրացնել այն քաղաքական ուժերի միջոցով, որոնք այսօր «ոչ» են քարոզում կամ արտահերթ իշխանափոխության հարց են բարձրացնում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը