Մեկնաբանություն

28.10.2015 08:35


Ներիշխանական գզվռտոցի երևացող մասը. ինչո՞ւ է «ականապատվել» Հովիկ Աբրահամյանը

Ներիշխանական գզվռտոցի երևացող մասը. ինչո՞ւ է «ականապատվել» Հովիկ Աբրահամյանը

Լրագրողական որոշակի շրջանակներ մի «շտամպ» են հրամցնում հանրությանը, ըստ որի՝ սահմանադրական հանրաքվեի հետ կապված՝ կան «Այո»–ի և «Ոչ»–ի ճակատներ։ Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։

Սահմանադրական փոփոխություններին «ոչ» է ասում մեր հանրության ճնշող մեծամասնությունը, որովհետև մարդիկ հասկանում են, որ լրիվ այլ խնդիր է լուծվում, և որ «այո»–ն նշանակում է ներկայիս վիճակի պահպանում ու դեռ մի բան էլ՝ վատացում։ Այդ առումով «Ոչ»–ի ճակատ կա, և դրա անդամներ են հանդիսանում մեր հանրության գրեթե բոլոր անդամները։

Ինչ վերաբերում է «Այո»–ի ճակատին, ապա այն, որպես այդպիսին, չկա, քանզի ճակատը ենթադրում է զանգվածայնություն։ Եվ ուրեմն, կա «այո» քարոզող ագրեսիվ փոքրամասնություն, բայց «Այո»–ի ճակատ չկա։

Իշխանությունները հիմա փորձում են գոնե ձևականորեն քարոզ տանել, որպեսզի ընտրակեղծիքների համար ֆոն ապահովեն։ Նրանց քարոզչակոդերից մեկն այն է, որ «Ոչ»–ի ճակատը քաղաքական առումով միասնական չէ, և «ոչ» ասող ուժերը համախմբված չեն (ուզում են ասել, որ իրենց դեմ հզոր ուժ չկա)։

Թե ինչ է քաղաքական առումով տեղի ունենում «Ոչ»–ի ճակատում, այլ քննարկման հարց է։ Տվյալ դեպքում հարկ է արձանագրել, որ «Այո»–ի «ճակատում» լավ կանեն՝ չխոսեն միասնականությունից ու համախմբված պայքարից։ Բոլորի համար էլ տեսանելի է, որ անգամ ՀՀԿ–ի ձևավորած շտաբի ղեկավար կազմում չկա միասնականություն, և շտաբն այդ ձևավորվել է փոխադարձ անվստահության սկզբունքի հիման վրա։

Ինչպես հայտնի է, Հովիկ Աբրահամյանի գլխավորած «Այո»–ի շտաբն ունի վեց տեղակալ՝ Կարեն Կարապետյանը, Վիգեն Սարգսյանը, Արմեն Երիցյանը, Վահրամ Բաղդասարյանը, Լևոն Յոլյանը և Հովհաննես Հովսեփյանը։

Մակերեսային դիտարկումն անգամ ցույց է տալիս, որ Հովիկ Աբրահամյանն իր տեղակալներից, թերևս, միայն մեկի վրա ունի որոշակի ազդեցություն (ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյան)։ Մնացածներն «Այո»–ի շտաբի անդամ են դարձել՝ ի հեճուկս գործող վարչապետի ցանկության և ավելի շուտ վերակացուներ են, քան տեղակալներ։

Վիգեն Սարգսյանը նախագահականի աշխատող է և համակարգելու է տեղեկատվական դաշտի հետ աշխատանքը, այսինքն՝ Աբրահամյանին «դոպուսկ» չեն տալու մտնել ՀՀԿ ղեկավարի համար «սրբության սրբոց» համարվող տիրույթ։

Նախագահականի «մարդն» է նաև Հովհաննես Հովսեփյանը (նա այժմ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարն է), ով մի ժամանակ համարվում էր Հովիկ Աբրահամյանի «մարդը», սակայն շատ արագ վերապրոֆիլավորվեց։ Հովսեփյանն ակնհայտորեն վերահսկելու է Աբրահամյանին ու Բ26–ի համար «ներսից» տեղեկություններ մատուցողի դեր է կատարելու։

Լևոն Յոլյանը ՀՀԿ ղեկավարի մտերիմներից է և փաստացի կատարելու է շտաբի գանձապահի դերը, այիսինքն՝ թույլ չի տալու վարչապետին ինքնուրույն տնօրինել «կուսակցական» փողերը։

Վահրամ Բաղդասարյանը շտաբում է հայտնվել ի պաշտոնե՝ որպես ՀՀԿ խմբակցության ղեկավար, և, բնականաբար, հայացքը հառած է լինելու դեպի Բաղրամյան փողոց, այլ ոչ թե Հանրապետության հրապարակ։

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին՝ ՀԷՑ–ի նորաթուխ սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորը, ապա շատ է խոսվել այն մասին, որ նա աչք ունի վարչապետի աթոռի վրա։ Տեղին է հիշեցնելը, որ Կարապետյանը բազմիցս հրապարակավ քննադատել է Հ. Աբրահամյանի գործունեությունը։ Դժվար չէ գլխի ընկնել, թե ինչպիսին են Հ. Աբրահամյանի ու Կ. Կարապետյանի հարաբերությունները։

Հարց կարող է առաջանալ՝ եթե գործող վարչապետին Սերժ Սարգսյանն այդքան չի վստահում, ապա ինչո՞ւ է նրան վստահել սահմանադրական հանրաքվեն «անցկացնելու» հույժ կարևոր գործը։ Պատասխանը շատ պարզ է՝ Աբրահամյանն այն եզակի մարդկանցից է (եթե ոչ միակը), ով տիրապետում է հանրապետության մասշտաբով «տոկոս խփելու» գործին («տոկոս խփելու» մասնագետներ էլի կան, բայց նրանք տեղային նշանակության են)։ Նրան այդ իսկ պատճառով էլ վստահել են շտաբի պետի դերը, բայց զուգահեռաբար «ականապատել» են այնպիսի մարդկանցով, որոնք ստիպելու են վարչապետին աջ ու ձախ չնայել և զբաղվել բուն գործով։ Ընդ որում՝ ամենայն հավանականությամբ, Աբրահամյանին խոստացել են սահմանադրական փոփոխություններից հետո ներկայիս դիրքերի պահպանում, որպեսզի նա մոտիվացվի։ Իսկ թե իրականում ինչ կլինի, ցույց կտա ժամանակը։

Ահա այսպիսի պատկեր է «Այո»–ի «ճակատի» շտաբում։ Չհաշված այն, որ Սերժ Սարգսյանին աջակցող մյուս կուսակցություններն առանձին են «այո» քարոզելու, իսկ նախագահականում ֆոտոսեսիայի մասնակիցների «առաքելությունն» ավարտվել է, և նրանց կարիքն այլևս չունեն։ Ասել է թե՝ հիմա չկա անգամ «հանրային լայն կոնսոլիդացիայի» ձևական պատկերը։

Այնպես որ, ով՝ ով, բայց իշխանական թևում իրավունք չունեն այլոց քննադատել միասնականության բացակայության մասին։

Քաղաքական ուժերն ու այլ կառույցները չգիտենք, բայց որ ժողովուրդը միասնական է այս իշխանություններին չընդունելու հարցում, դա հաստատ է։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Ի դեպ, Հովիկ Աբրահամյանին այս ընթացքում «ականապատել են» նաև դրսից՝ տխրահռչակ Տիգրան Սարգսյանին նշանակելով ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավար։

Այս խորագրի վերջին նյութերը