Մեկնաբանություն

28.10.2015 18:50


«Ինստիտուցիոնալ» հեղաշրջման ակնկալվող արդյունքը

«Ինստիտուցիոնալ» հեղաշրջման ակնկալվող արդյունքը

Թեև Նիկոլ Փաշինյանն ու իր փոքրաթիվ թիմակիցները պնդում են, որ սահմանադրական փոփոխությունների հարցը կեղծ օրակարգ է, սակայն նրանք ամենաակտիվն են ներգրավված քարոզարշավի մեջ և ամենաագրեսիվ ձևով պրոսերժական քարոզ են իրականացնում։ Անգամ հարդուկը միացնելիս տեսնում ես Նիկոլին ու իր ընկեր–ընկերուհիներին սահմանադրական հանրաքվեի մասին խոսելիս։ Ասածներն էլ այն է, որ պետք չէ պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ, և որ Սերժ Սարգսյանը միայն հավեսի համար է փոխում գործող Սահմանադրությունը, թե չէ առանց փոխելու էլ կարող էր պահել իր իշխանությունը և վերարտադրվել։

Նիկոլի ասածներն, իհարկե, բլեֆ են։ Ինչպես որ բլեֆ են նրա այն պնդումները, թե իրենք «ինստիտուցիոնալ ընդդիմություն» են սարքում։ Նիկոլենք սպասում են, որ իշխանությունները, նոր Սահմանադրության շրջանակներում, իրենց «ինստիտուցիոնալ ընդդիմություն» նշանակեն, մնացածը՝ լիրիկա է։ Մանավանդ որ ՀՀԿ ղեկավարը, երջանիկ զուգադիպությամբ, նույնպես ուզում է «խորհրդարանական կայուն մեծամասնությանը» կից «ինստիտուցիոնալ ընդդիմություն» ունենալ («ինստիտուցիոնալ ընդդիմություն» ձևավորելու մասին Սարգսյանը հրապարակավ է հայտարարել)։

«Ինստիտուցիոնալ ընդդիմությունն», ըստ այդմ, այն միավորը պետք է լինի, որը իշխանություն վերցնելու խնդիր չի դնում, այլ զուտ ֆասադային ֆունկցիա է կատարում իշխանական համակարգում։

Սա՛ է «մարդակենտրոնների» պլանը։ Կստացվի, թե ոչ իշխանությունների նախաձեռնած այս «ինստիտուցիոնալ» հեղաշրջումը, պարզ կդառնա առաջիկայում։

Մեկ բան ակնհայտ է, որ քաղաքական մենաշնորհի ու որպես հետևանք նաև տնտեսական տոտալ մենաշնորհի հաստատումը շատ թանկ կարող է նստել Հայաստանի վրա։ Չափից շատ թանկ։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Իշխանությունները տարբեր դեմքերի միջոցով տարածում են, թե նոր Սահմանադրության ընդունումից մի չորս–հինգ տարի անց կտեսնեք, որ լավ է լինելու։ Դա նշանակում է, որ «հակաօլիգարխիկ» պայքարի շրջանակներում մեր երկրի ֆինանսական հոսքերի գերկենտրոնացումը մեկ ընտանիքի ձեռքում հավաքելը պլանավորվում է այդքան ժամանակահատվածում:

Անունը, իհարկե, կդնեն բարեշրջում, բայց եթե այդ ծրագիրը կյանքի կոչվի, ապա դա նշանակում է միջինասիական տիպի և մահմեդականացված բարքերով պետության ձևավորում։

Չորս–հինգ տարին նաև համընկնում է 2017–ին հաջորդող ընտրական ցիկլի հետ, որի ժամանակ ուզում են ԱԺ–ում ունենալ բացառապես երիտկոմսոմոլներ և անհայրենիք խունվեյբիններ կամ այլ կերպ ասած՝ Բաքու փախած Վահան Մարտիրոսյանի տիպի «ակԾիվ» ու «առաջադեմ» ջահելներ։

Այդ ժամանակ, իրոք, լավ կլինի, բայց մեկ ընտանիքի համար, այն էլ՝ մի փոքր ժամանակահատվածում, քանզի Ալիևի համար գրոհի անցնելու հրաշալի հնարավորություն կստեղծվի։

Այս խորագրի վերջին նյութերը