Մեկնաբանություն

30.10.2015 00:39


Ակցիզային նվեր՝ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ

Ակցիզային նվեր՝ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ

Մինչ տեղեկատվական ու այլ հարթակներում քննարկվում է սահմանադրական հանրաքվեի հարցը, իշխանությունները «պոդ շումոկ» անցկացրեցին «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ իրականացնելու օրինագիծը։ ԱԺ հնազանդ մեծամասնությունը «դակեց» այդ փաստաթուղթը։

Ըստ այդմ՝ թանկանալու են ծխախոտը, խմիչքը, ավտոմեքենաների լիցքավորման համար նախատեսված գազը, բենզինը և դիզելային վառելիքը։

Ակցիզային դրույքաչափերի բարձրացման հիմնական փաստարկն այն է, որ պետական բյուջե լրացուցիչ փող կմտնի։ Իսկ թե ինչպես է ծախսվելու այդ փողը, արդեն չի խոսվում։

Մի ժամանակ հայտարարվեց, որ բյուջեի փողերը լավ չեն ծախսվում, քանի որ կան «ատկատներ» և կեղծ «տենդերներ»։ Նույնիսկ «վաղամեռիկ» վարչապետ Տիգրան Սարգսյանն անարգանքի սյունին գամվեց, և ասվեց, որ կոռուպցիոներներին պետք է գլխից բռնել։

Դրանից հետո որևէ տեղեկատվություն չկա այն մասին, թե արդյոք վերացե՞լ է «ատկատային» համակարգը, և արդյոք հիմա նորմա՞լ «տենդերներ» են անցկացվում, թե՞ էլի «հաղթեցվում» են «քեռու տղաները»։ Եթե գլխից բռնած լինեին, ապա հանրությունը կիմանար, իսկ քանի որ նման բան չի եղել, ուրեմն կարելի է ևս մեկ անգամ արձանագրել, որ «ատկատների» ու «տենդերների» մասին խոսվել է քաղաքական շոուի շրջանակներում։

Եթե բյուջեի ծախսային մասին թափանցիկությունն ու արդյունավետությունը հեռու են ցանկալի մակարդակից (մեղմ ասած), ապա բյուջեի լրացուցիչ մուտքերից պետք է միայն կոռուպցիոներներն ուրախանան, իսկ ՀՀ քաղաքացիներին բաժին հասնի միայն թանկացման հետևանքը։ Ու այդպես էլ կա։

Ակցիզային հարկի ավելացումից մի քանի միլիարդ դրամ ակնկալվող լրացուցիչ բյուջետային մուտքը նշանակում է «ատկատի» լրացուցիչ հնարավորություններ և կեղծ «տենդերների» կազմակերպման հավելյալ «բոնուսներ»։ Ուրիշ ոչի՛նչ։

Դե հիմա պատկերացրեք, թե ինչեր են լինելու «մարդակենտրոն» Սահմանադրությունը ներդնելու արդյունքում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը