Մեկնաբանություն

01.11.2015 21:57


Ադրբեջանում ավարտվեց այն, ինչ ուզում են սկսել Հայաստանում

Ադրբեջանում ավարտվեց այն, ինչ ուզում են սկսել Հայաստանում

Նոյեմբերի 1–ին Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Ավարտվեց քվեարկությունը։

«Ընտրություններ» և «քվեարկություն» բառերը տվյալ դեպքում օգտագործում ենք ձևականորեն, քանզի հարևան ու թշնամի այդ երկրում ընտրություններ վաղուց տեղի չեն ունենում։

Ալիևը միանձնյա տնօրինում է իշխանության բոլոր ճյուղերը։ Ադրբեջանի սուլթանի միակ «ընդդիմախոսը» նրա կինն է՝ Մեհրիբանը։ Ադրբեջանական հանրությանը ժամանակ առ ժամանակ առաջարկում են ընտրություն կատարել Իլհամի ու Մեհրիբանի միջև և բավարարվել ընտրության այդպիսի հնարավորությամբ (եթե նկատել եք, մեզ մոտ էլ են կամաց–կամաց առաջարկում ընտրություն կատարել տնաբույծ «իլհամների» ու «մեհրիբանների» միջև՝ ձեռնասուն մամուլի միջոցներով «աստղային» պատերազմների հուզիչ պատմություններ ներկայացնելով)։

Ադրբեջանի նախագահը ադրբեջանցիներին խոստացել է նավթադոլարների միջոցով հետ բերել Ղարաբաղը՝ դրա դիմաց «խնդրելով» ու ստանալով ամբողջական իշխանություն։

Ալիևը նաև խոստացել է տնտեսական վերելք ու բարեկեցության աճ՝ կրկին փոխարենը ստանալով ամբողջական իշխանություն։

Ղարաբաղը հետ բերելու հարցում նա հսկայական քայլեր է անում ու լուրջ միջոցներ ծախսում ռազմական ոլորտում։ Ճիշտ է, առարկայական արդյունքներ հողերի հետբերման տեսքով նա չունի, բայց հույս ունի, որ դա իր մոտ կստացվի (նկատենք, որ Ալիևի երազած արդյունքները Ղարաբաղի հարցում կախված են բացառապես Հայաստանից. եթե մենք չթուլանանք, ապա Ալիևն իր ականջները կտեսնի, բայց Ղարաբաղը չի տեսնի Ադրբեջանի կազմում, իսկ եթե Հայաստանը շարունակի ներկայիս տեմպերով թուլանալ, ապա մենք ոչ միայն Ղարաբաղը, այլև մեր պետականությունը կկորցնենք)։

Դե, իսկ տնտեսական աճ նա ապահովել է։ Ճիշտ է, Ալիևը թալանում է սեփական երկիրը և հայրենասիրական լոզունգների տակ յուրացնում այդ երկրի միջոցները, սակայն զուգահեռաբար կոնկրետ արդյունքներ է ապահովում տնտեսության մեջ, ինչն էլ նրա համար որոշակի հենարան է ստեղծում։

Ալիևը արևելյան տիպի բռնապետ է, ով ունի կայուն բարձր վարկանիշ ադրբեջանական պլեբսի մոտ և չունի ընդդիմախոսներ (նրանք կա՛մ ծախվել են, կա՛մ փախել են Ադրբեջանից, կա՛մ գտնվում են անազատության մեջ)։

Ահա այս պայմաններում են տեղի ունենում խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում։ Պարզ է, որ 125 տեղից 125–ն էլ վերցնելու է Ալիևը, կամ էլ ընդամենը մի քանի հոգի նրանը չի լինի ձևականորեն, իսկ մնացածը լինելու են «մեր» ՀՀԿ–ականների պես, այսինքն՝ գործող նախագահին ենթակա։

Թեև «ընտրությունների» պաշտոնական արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ադրբեջանական քաղաքական իրողությունները հաշվի առնելով՝ կարելի է հեշտությամբ կանխատեսել, թե ինչպիսի պատկեր է լինելու։

Ի դեպ, այն, ինչ հաջողվել է Ադրբեջանում Ալիևի մոտ, փորձ է արվում կյանքի կոչել Հայաստանում՝ ներդնելով «մարդակենտրոն» Սահմանադրություն և հաճախորդացնելով քաղաքական դաշտի մեծ մասին՝ «ինստիտուցիոնալներից» մինչև «սկզբունքայիններ»։ Ուզում են ադրբեջանականացնել մեր կառավարման մոդելը՝ համադրելով արևելյան բռնապետությունն ու բոլշևիկյան գաղափարախոսությունը։

Կստացվի՞ դա, թե՞ ոչ, կախված է հայ ժողովրդից։ Եթե հայ ժողովրդին հետաքրքրում են հայկական պետականության ու անվտանգության խնդիրները, ապա «սահմանադրական» հեղաշրջում կազմակերպողները պետք է տապալվեն, ու նոր որակի իշխանություն ձևավորվի, իսկ եթե տեղի ունենա հակառակը, ապա կարելի է շնորհավորել Ալիևին և Հայաստանի բոլոր թշնամիներին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը