Մեկնաբանություն

03.11.2015 12:21


Երբ փակվում են դռներն, ու գալիս է 18:00–ն

Երբ փակվում են դռներն, ու գալիս է 18:00–ն

Ինչպես հայտնի է, իշխանությունները ձևավորել են «սահմանադրական» հեղաշրջման կամ, այսպես կոչված, «Այո»–ի շտաբը, որը ղեկավարում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա ունի վեց տեղակալ՝ Հովհաննես Հովսեփյան, Լևոն Յոլյան, Արմեն Երիցյան, Վահրամ Բաղդասարյան և Կարեն Կարապետյան (սա այն Կարեն Կարապետյանն է, ում մի ժամանակ համարյա թունդ ընդդիմադիր էին հռչակել ոչ պակաս թունդերը. մեր ջերմագին ողջույնները վերջիններիս)։

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի ծրագրերի իրականացման համար ամբողջությամբ օգտագործվելու է վարչական ռեսուրսը։ Շտաբի կազմը դրա վառ ապացույցն է։

Հետաքրքրականն այն է, որ շտաբականները, խոսքները մեկ արած, հայտարարում են, թե իրենք «այո»–ի հարցերով զբաղվելու են աշխատանքից հետո՝ ժամը 18:00–ին։ Գիշերն, ըստ այդմ, լուսացնում են, որ «այո» հավաքեն։

Փաստորեն, ձեռքի թեթև շարժումով պետական պաշտոնյաները երեկոյան վեցից հետո դառնում են անաչառ քարոզիչներ։ Համարյա հայտնի ֆիլմում ներկայացված տարբերակով՝ «Легким движением руки брюки превращаются в элегантные шорты» (ձեռքի թեթև շարժումով շալվարը վերածվում է էլեգանտ կարճ տաբատի)։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի «էներգիչնի» մարդիկ են հավաքված «Այո»–ի շտաբում։ Առավոտից մինչև 18:00–ն աշխատում են ու լուծում պետական հարցերը, իսկ երբ գալիս է 18:01–ը, և փակվում են պետական հիմնարկի դռները, սրանք հանում են փողկապները, քշտում վերնաշապկի թևերն ու անցնում գործի (տեսնես՝ հասցնո՞ւմ են մի կտոր հաց ուտել ու գոնե մի երեք ժամ քնել)։ Այսինքն՝ աշխատում են՝ չխնայելով իրենց։ Իսկ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, այդպես էլ չենք գնահատում նրանց տիտանական աշխատանքը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը