Մեկնաբանություն

04.11.2015 10:42


Լիսկան կողմ է, իսկ Սուրիկ Խաչատրյանը՝ չեզոք

Լիսկան կողմ է, իսկ Սուրիկ Խաչատրյանը՝ չեզոք

Նախարար Դավիթ Հարությունյանը մի հետաքրքիր հատկություն ունի։ Նա բոլոր տիպի իշխանություններին կարողանում է համոզել, որ շատ խելացի է, բանիմաց ու ճարպիկ։ Ավելի ճիշտ՝ բոլոր տիպի իշխանություններն ունեն հետաքրքիր հատկություն. նրանք կարծում են, թե Դավիթ Հարությունյանը շատ խելացի է, բանիմաց և ճարպիկ։

Ահա այս ամենի արդյունքում նախկին «հրաշամանուկը» հասցրել է կարևոր պաշտոններ զբաղեցնել մեր պետության գործադիր կառույցում, լինել պատգամավոր։ Հիմա էլ նա Կառավարության աշխատակազմի ղեկավարն է՝ նախարարի կարգավիճակով։

Իշխանական վերնախավի ներկայիս կազմն, իհարկե, ցույց է տալիս, որ Դավիթն այդ թիմում, իրոք, համեմատաբար վատը չէ և իրավունք ունի համարվել խելացի, բանիմաց և ճարպիկ։ Բայց դա չի նշանակում, որ նա պետք է օրը ցերեկով դեմագոգիայով զբաղվի ու հանրությանը հայտնի կենդանու տեղը դնի։

Բանն այն է, որ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների գործընթացի ժամանակ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի օգտագործման թեմային՝ նա «շուստրի» պատասխան է գտել։

«Եթե Հովիկ Աբրահամյանը հայտարարություն անի ու ասի՝ ես՝ որպես վարչապետ, հորդորում եմ ձեզ գնալ ու «այո» ասել, ճիշտ կլինեք այն հարցում, որ նա օգտագործում է իր պաշտոնը, բայց եթե չլսեք դա ու լսեք՝ ես՝ որպես «այո»-ի շտաբի ղեկավար, դա չի նշանակում խախտում»,- վարչական ռեսուրսի օգտագործման նրբություններն է լրագրողներին ներկայացրել Հարությունյանը:

Իսկ մենք էլ միամտաբար կարծում էինք, թե Հովիկ Աբրահամյանն ու «Այո»–ի շտաբի մյուս անդամները վարչական ռեսուրս են օգտագործում։ Պարզվում է՝ չե՛ն օգտագործում, քանզի Հովիկ Աբրահամյանն ու նրա տեղակալները ժամը 18:00–ից հետո ամբողջությամբ կերպարանափոխվում են։

Եթե փորձենք զարգացնել Դավիթ Հարությունյանի ներկայացրած միտքը, ապա կստանանք հետևյալը. եթե, օրինակ, «Այո»–ի համար կռիվ տվող Սյունիքի մարզպետը որպես անհատ Լիսկա է քարոզում սահմանադրական փոփոխությունների օգտին, ապա դա վարչական ռեսուրսի օգտագործում չէ, իսկ եթե նա որպես Սուրիկ Խաչատրյան «այո» ասի, այն էլ՝ աշխատանքային ժամին, ապա դա վարչական ռեսուրսի օգտագործում է, ինչը Բաղրամյան 26–ը որևէ դեպքում թույլ չի տա, քանզի օրինականությունը Սերժ Սարգսյանի համար, ինքներդ էլ հասկանում եք, որ թիվ մեկ խնդիրն է։

Եվ այսպես, հստակեցնենք. Լիսկան կողմ է սահմանադրական փոփոխություններին, իսկ Սուրիկ խաչատրյանն իրեն համեստ է պահում (չեզոք է) ու չի արտահայտվում այդ թեմայով, քանզի չի կարող օգտագործել վարչական ռեսուրսը։

Նույնը մյուսների դեպքում է։

Ահա այսպիսի բաներ։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը